2016 թվականի կրթության և գիտության ոլորտի գերակա խնդիրները և միջոցառումները
2016-01-20
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը` ԿԳՆ-ի 2016 թվականի գործունեության, գերակա խնդիրների և միջոցառումների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ 2016 թվականի ընթացքում կիրականացվեն ինչպես ավելի վաղ մեկնարկած շարունակական բարեփոխումները, այնպես էլ զարկ կտրվի մի շարք նոր նախաձեռնությունների: «Հայաստանը շարունակելու է կրթական բարեփոխումների ճանապարհը, որը պետք է բերի ազգային հենքի վրա միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգ ունենալուն:
Այս տարի կշարունակվի նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացման և ընդլայնման ծրագիրը. կհիմնվի շուրջ 30 նախակրթարան, կմեծանա նախադպրոցական ընդգրկվածությունը` շուրջ 600 երեխա: Հանրապետության 5 ավագ դպրոցներ հիմնովին կվերանորոգվեն և կվերազինվեն, կտրվի 12 ավագ դպրոցի հիմնանորոգման մեկնարկը»,-նշել է Արմեն Աշոտյանը` տեղեկացնելով, որ այս տարի կշարունակվեն նաև Կրթության գերազանցության ազգային ծրագրի և «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման ծրագրերը: «Նախատեսվում է ամբողջությամբ ընդգրկել ՀՀ Շիրակի և Արմավիրի մարզերը, ինչպես նաև առարկան ներդնել Երևանի ևս 100 դպրոցում: Առարկայի երկարաժամկետ դասավանդման նպատակով աշխատում ենք ստեղծել համապատասխան մեթադաբանական ծրագրերի մշակման բազա, որի նպատակը կլինի ուսուցիչների վերապատրաստումը և ապագայում մանկավարժների համար նման առարկայի դասավանդումը` համապատասխան կրթության հենքի վրա: Կշարունակվի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաների ներդրումը 10 ավագ դպրոցներում: Ծրագիրն արդեն ստացել է դրական միջազգային արձագանք. հանրակրթության բնագավառում այս կրթական նախաձեռնությունը միջազգային հետաքրքրություն առաջացրած երկրորդ ծրագիրն է` դպրոցում «Շախմատ» առարկայի ներդրումից հետո»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այս տարի կշարունակվեն նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթության ապահովման և ներառական կրթության բարեփոխումները: Նախարարի խոսքով` մասնագիտական կրթության ոլորտում կշարունակվեն ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը` կրթության բովանդակության և ենթակառուցվածքների բարելավման տեսանկյունից, մասնավորապես, գյուղատնտեսական կրթության ոլորտում: «Այս տարի առաջին անգամ կմեկնարկի ոչ ֆորմալ կրթության ճանաչման փորձնական ծրագիրը` խոհարարական, ՏՏ և գյուղատնտեսական կրթության ոչ պաշտոնական ճանաչման գործընթացը, ինչը թույլ կտա մեծահասակների շարունակական կրթության համար ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխան միջավայր»,-նշել է Արմեն Աշոտյանը` անդրադառնալով նաև բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերին: «ՀՀ կառավարության գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկված է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի մշակումը: Գործող օրենքն ընդունվել է 10 տարի առաջ, և այս տարիների ընթացքում այն կրել է բազմաթիվ փոփոխություններ: Հեռանկարի առումով այս ոլորտում անհրաժեշտ է եվրոպական չափանիշներին առավել համապատասխանող նոր իրավական դաշտի ստեղծում, ինչն ապահովելու ենք եվրոպացի փորձագետների մասնակցությամբ` մշակելով իրատեսական օրենք-տեսլական, որը կտա զարգացման հնարավորություն: Այս տարի կշարունկվի նաև ազգային հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում ակնկալում ենք, որ վերոնշյալ հավատարմագրում ստացած առաջին բուհին կհաջորդեն այլ բուհեր: Բացի այդ, նշեմ, որ Բոլոնիայի քարտուղարությունը բավական բարձր է գնահատել Հայաստանի` նախորդ երեք տարիներին քարտուղարության ղեկավարման աշխատանքները, որի ապացույցն է քարտուղարության ղեկավարությունը ստանձնած Ֆրանսիայից ստացված հրավերը` առաջիկա երեք տարիներին աշխատել Բոլոնիայի քարտուղարության կազմում: Հետևաբար, Հայաստանը կշարունակի ներգրավված լինել եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համակարգման գործընթացներում»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ այս տարի շարունակվելու է նաև կրթության ոլորտում հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումը, որը համարվում է կառավարոււթյան գերակա խնդիր և կարևոր մաս կազմում միջազգային համագործակցության: Այս համատեքստում աշխատանքներ կտարվեն հանրային սեկտորի, մասնավորապես, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան և Թրանփերենսի Ինտերնեյշնլ կազմակերպությունների հետ: Անդրադառնալով գիտության ոլորտում նախատեսվող ծրագրերին` նախարարը, մասնավորապես, նշել է. «Այս տարվանից Հայաստանը համարվում է Հորիզոն-2020 ծրագրի լիիրավ անդամ: Համապատասխան բանակցությունների արդունքում հայ գիտնականներն արդեն կարող են լիարժեք մասնակցել ծրագրին, չնայած համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է գարնանը: Այս տարի ակնկալվում է նաև Կրթության զարգացման պետական ծրագրի շուրջ հանրային քննարկումների շարունակությունը և դրա ընդունումը Ազգային Ժողովի կողմից: Բացի այդ, Կառավարություն է ներկայացվել «Ասպիրանտուրայի ընդունելության» նոր կարգը, որն առավել թափանցիկ կդարձնի վերոնշյալ գործընթացը և կընդլայնի օտար լեզուների ցանկը: Անգլերենի իմացության հիմք այսուհետ TOEFL-ին զուգահեռ կընդունվեն IELTS-ի արդյունքները: Այս տարի ակնկալվում է մեկ այլ նոր փաստաթղթի ընդունում` գիտական աստիճանաշնորհման հետ կապված, որը ևս ավելի թափանցիկ է դարձնելու այս գործընթացը, մասնավորապես, փորձաքննության և այլ խնդիրների տեսանկյունից»,-նշել է նախարարը:
Ասուլիսի ընթացքում լրագրողները հարցեր են ուղղել Արմեն Աշոտյանին, որոնք հիմնականում վերաբերել են բուհերի հավատարմագրման, գիտական սաստիճանաշնորհման, «Կրթության բարելավում» ծրագրի ընթացքի, դպրոցներում դասերի հետաձգման խնդիրներին: Վերջին հարցի կապակցությամբ նախարարը նշել է, որ դպրոցներում դասերի հետաձգումը հետևանք էր առողջապահական խնդիրների, հետևաբար՝ ԿԳՆ-ն երկու անգամ արձագանքել է Առողջապահության նախարարության ահազանգերին՝ կատարելով նաև կառավարության հանձնարարականը. «Դասերի տասնօրյա դադարը լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու կրթության կազմակերպման տեսակետից: Մենք այդ խնդիրների կարգավորման համար ունենք արդեն առաջարկություն: Եթե համապատասխան գերատեսչությունը կառավարության առջև բարձրացնի նմանատիպ խնդիր և եթե կառավարությունն ընդունի այդ խնդրի գոյությունն ու կարևորությունը՝ տալով համապատասխան հանձնարարական, բնականաբար, մենք մեր լիազորությունների շրջանակներում կկատարենք այդ հանձնարարականը: Ակնհայտ է, որ մենք չենք ունենա գարնանային արձակուրդներ: Կրթական գործընթացի տասնօրյա դադարը 5 օրով կարող ենք վերականգնել այն դպրոցներում, որոնք գնում էին գարնանային արձակուրդի: Ոչ բոլոր դպրոցներն են ունեցել գարնանային արձակուրդ, որովհետև մարզային դպրոցներից շատերը մեզ դիմում էին դասերի գրաֆիկը փոխելու համար՝ ելնելով ջեռուցման խնդրից, եղանակային պայմաններից և այլն: Եվս 5 ուսումնական օր լրացնելու համար դպրոցներին կառաջարկենք կամ 5 շաբաթ օր դաս անցկացնել, կամ մեկական լրացուցիչ ժամ դնել շաբաթվա ընթացքում: Լրացուցիչ ժամերի հետ կապված դպրոցներն իրենք կորոշեն՝ ինչպես վարվել»,-նշել է նախարարը: