Ա. Աշոտյան. Բոլոնիայի երևանյան ֆորումը՝ ԿԳՆ 2015 գործունեության «գոհար»

2015-12-19

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Արմեն Աշոտյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում 2015 թվականին կատարված աշխատանքներին, արձանագրված ձեռքբերումներին և բացթողումներին: Անցնող տարվա  աշխատանքներից ՀՀ ԿԳ նախարարն առանձնացրել է երեք հիմնական ձեռքբերում. դրանցից առաջինը, ըստ նախարարի, Հայաստանի կրթական համակարգի մակարդակի միջազգայնացումն էր, երկրորդը հայ աշակերտների՝ միջազգային օլիմպիադաներում նվաճած ռեկորդային քանակի հասնող մեդալներն են՝ ավելի քան 20 հատ, և երրորդը բուհական համակարգի զարգացումն էր.
«Այս տարվա ընթացքում Հայաստանում գործեցին ու զարգացան մեր ավանդական բուհերը, ինչպես նաև բացվեցին նոր բուհեր. մասնավորապես բացվեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը, Շուշիում բացվեց Ագրարային համալսարանի մասնաճյուղը»,- նշել է նախարարը: Ներկայացնելով հանրակրթության ոլորտի հիմնական ցուցանիշները՝ Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ընթացքում ավագ դպրոցներում մեկնարկել են միկրոէլեկտրոնիկայի զարգացման միջազգային ծրագիր: «Վիվասել ՄՏՍ», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունների հետ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ հանրակրթական 5 ավագ դպրոցներում մեկնարկել է աննախադեպ կրթական նոր ծրագիր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաների ներդրմամբ: Գալիք տարում ծրագրում կներառվեն ևս 10 դպրոց: «Ծրագրի զեկույցը ՀՀ ԿԳՆ-ի հայտով ներկայացվել է Լոնդոնի գլոբալ կրթական ֆորումին, որն ամենախոշոր կրթական իրադարձությունն է համարվում աշխարհում: Հայաստանի զեկույցը նախնանական ներառվել է ֆորումի ծրագրում որպես հայկական փորձի փոխանակման հնարավորություն և միջազգային հանրությանը հետաքրքրած կրթական նախաձեռնություն: Շարունակվել է «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման ընդլայնումը. այս տարի ևս 100 դպրոց՝ 50-ական Երևանից և մարզերից, ընդգրկվել են ծրագրում: Տարվա ընթացքում 43-ով ավելացել է ներառական դպրոցների քանակը. այժմ Հայաստանում գործում է ներառական կրթություն իրականացնող շուրջ 182 հանրակրթական դպրոց, և այս պահին 4700 աշակերտ է սովորում ներառական համակարգում: Ատեստավորվել են մոտ 7000 ուսուցիչ, 320-ը ստացել են առաջին, 5-ը՝ երկրորդ կարգի տարակարգեր, անցկացվել է քիմիայի միջազգային օլիմպիադա՝ մենդելևյան օլիմպիադան»: Նախարարի խոսքով՝ կրթական և գիտական ծրագրերում հատուկ տեղ է հատկացվել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Բոլոր դպրոցները, բուհերն ու կրթական կենտրոնները ընդգրկված են եղել պետական միջոցառումների ծրագրերում: Նախարարն առանձնացրել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկների պատրաստումը դպրոցականների կողմից, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվո պահակ կանգնելու միջոցառումը, բոլոր դպրոցներում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին նվիրված բաց դասերի կազմակերպումը, շարադրությունների մրցույթը և այլն: Նախադպրոցական կրթության ոլորտում ևս արձանագրվել է առաջընթաց՝ բացվել են 33 նախակրթարաններ, որտեղ այժմ սովորում են 1100 երեխաներ: Միջին մասնագիտական կրթության ոլորտում առաջին անգամ ներդրվել է չհավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների նախկին տարիների շրջանավարտների ատեստավորման մեխանիզմը, որը թույլ է տալիս քննությունը բարեհաջող հանձնելու դեպքում ստանալ պետական նմուշի դիպլոմներ: Վերապատրաստվել են շուրջ 1100 ՄԿՈՒ ոլորտի դասախոսներ, վարպետներ և տնօրեններ: ԵՄ աջակցությամբ՝ գյուղատնտեսական ուղղվածության, ՄԿՈՒ ոլորտի 5 հաստատություններ վերանորոգվել և վերազինվել են. «ԵՄ աջակցությունը գյուղատնտեսական կրթության ոլորտում շարունակական է լինելու»,- նշել է նախարարը: ՀՀ 14 պետական և 4 մասնավոր բուհեր անցել են ինստիտուցիոնալ և պայմանագրային ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, իսկ Ֆրանս-իսպանական հավատարմագիր է ստացել Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանը: Նախարարի խոսքով՝ այն բուհերը, որոնք մինչև 2018-ը չեն ստանա հայաստանյան հավատարմագրում, այնտեղ պետական պատվեր չեն ստանա. «Որակի ապահովմանը միտված գործողությունները շարունակելի են լինելու գալիք տարիների ընթացքում: Մինչև 2018 թվականը հայկական հավատարմագրում, որակի ապահովման սերտիֆիկատ չստացած բուհերում պետության կողմից անվճար տեղեր չեն լինի: Պետական պատվեր 2018 թվականից կլինի բացառապես հավատարմագրված բուհերում,- նշել է Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ բուհերը ՊՈԱԿ¬ներից վերածվում են հիմնադրամների:- Այս տարի 5 ամենախոշոր պետական բուհերը արդեն վերածվել են հիմնադրամի, գալիք տարում դրանց թիվը կավելանա մի քանիսով, որը բուհերին տալիս է ակադեմիական ազատությունների նոր աստիճան: Կառավարության որոշման համաձայն` մինչև 2018 թվականը հայաստանյան բոլոր բուհերը պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած լինեն: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար: Հաստատվել է նաև բարձրագույն կրթության մասնագիտությունների նոր ցանկը, որը նպատակ ունի համապատասխանեցնել մեր բուհական համակարգը միջազգային չափանիշներին»:Սոցիալական ծրագրերից նախարարն առանձացրել է սոցիալական անապահովության համակարգում ընդգրկված ուսանողներին տրվող ուսման վարձի զեղչը՝ ավելի քան 1500 ուսանողներ ստացել են ուսման վարձի 50-100 տոկոս փոխհատուցում: Մի քանի մարզերի դպրոցներում շարունակվել է «դպրոցական սնունդ» ծրագիրը:  Նախարարի տեղեկացմամբ` սահմանված կարգով շրջանառելու նպատակով ՀՀ կառավարություն է ներկայացվել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենքների նախագծերը,  որոնք այժմ ներեռված են  ԱԺ արտահերթ նստաշրջանում: Ընդունվելու դեպքում օրենքը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել երկրում նպատակային ընդունելության մեխանիզմները` դրանից բխող հետևանքներով` սահմանամերձ, բարձր լեռնային գյուղերում համապատասխան մանկավարժական, բժշկական և գյուղատնեսական կադրերի մատակարարման տեսակետից: Նախարարը հույս է հայտնել, որ օրենքը մինչև տարեվերջ կընդունվի:
Իսկ կրթության և գիտության նախարարության ամբողջ տարվա գործունեության և աշխատանքի «գոհարը», ըստ Ա. Աշոտյանի, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-¬րդ ֆորումի անցկացումն էր. «Այն Հայաստանը դարձրեց ոչ միայն կրթական իրադարձությունների էպիկենտրոն Եվրոպայում, այլև թույլ տվեց քաղաքական իմաստով ևս մեկ անգամ ընդգծել մեր երկրի գոյությունն ու կարևորությունը` իր ներուժով, կրթական բարեփոխումների միտումներով` դեպի եվրոպական կրթական տարածք: Ակնհայտ էր, որ հաջողությունը, ինչպիսին արձանագրեց նախարարական համաժողովը Երևանում, պետք է շարունակելի լինի»,¬- իր խոսքում նշել է  Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով` այդ իրադարձությունը Բոլոնիայի հայկական քարտուղարության գոյության և նախարարության եռամյա աշխատանքի արդյունքն էր: «Մեզ հաջողվեց նախարարական եզրափակիչ փաստաթղթում առաջին անգամ ամրագրել չճանաչված պետությունների, կոնֆլիկտային տարածքների ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի անհրաժեշետությունը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում: Սա աննախադեպ հաջողություն էր նաև քաղաքական իմաստով, թեպետ շեշտը դրված է կրթություն` առանց խտրականության վրա: Հուսամ, որ գալիք տարիների ընթացքում ԼՂՀ ուսանողները և դասախոսները հնարավորություն կունենան ընդգրկվել եվրոպական բարձրագույն կրթական տարածքի փոխանակման ծրագրերի մեջ, ինչը մեծապես կնպաստի ԼՂՀ կրթական համակարգի միջազգայնացմանը»,-¬հավելել է նա: Նախարարի գնահատմամբ՝ գիտության ոլորրտի համար կարևոր իրադարձություն է
Եվրոպական հանձնաժողովի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանի անադամակցումը  «Հորիզոն» 2020 ծրագրին, որը մեր գիտնականներին հնարավորություն կտա օգտվել ԵՄ ծրագրերից:  Բացի այդ, Հայաստանի բուհերը ընդգրկված են նաև Էրազմուս + և Տեմպուս ծրագրերում:
 ՀՀ ԿԳ նախարարը հատուկ առանձնացրել է  չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը, որի աշխատանքներն արդեն մեկնարկել են. «Նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Գալիք տարվա ընթացքում համապատասխան չինական կազմակերպությունը կսկսի շինարարությունը: Մենք չինացի մեր գործընկերների հետ  հստակ բանաձևել ենք  մեր հավակնությունները ` ունենալ Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում ամենախոշոր չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը` մոտավորապես 650 աշակերտների համար, այդ թվում` հանրակացարանային համալիրով և նորագույն ենթակառուցվածքներով»,¬- նշել է նախարարը:
Ամփոփելով ասելիքը՝ Արմեն Աշոտյանը  շեշտել է, որ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ-ն բաց է եղել հանրության համար. «Ստացել ենք հարյուրավոր դիմումներ. բոլորին պատասխանվել է: Նախարարությունը շատ է կարևորում հանրության հետ մշտապես երկխոսելու  մշակույթը: Մենք թերեւս ամենաբաց և ամենատեսանելի գերատեսչություններից մեկն ենք եղել, և այս աշխատելաոճը շարունակական է լինելու»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է լրագրողների և Ֆեյսբուք սոցիալական ցանցի  օգտատերերի հարցերին, որոնք վերաբերել են ներառական կրթությանը, գիտական ծրագրերին, բուհերի վարկանիշավորմանը և մի շարք այլ հիմախնդիրների:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։