Երեխաների իրավունքների պաշտպանությունը` համագործակցության առանցքում
2016-06-20
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանն ու «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արսեն Ստեփանյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ երեխայի իրավունքների պաշտպանության, ներառական հանրակրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:
ԿԳ նախարարի գնահատմամբ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպությունը կրթության ոլորտի հին և վստահելի գործընկերներից է, որի հետ աշխատանքների շարունականությունը հանրային սեկտորի հետ համագործակցության տեսանկյունից գոհացուցիչ է. « Իբրև նախարար կցանկանայի, որ Հայաստանում ավելի շատ լինեին իրենց գործին գիտակ և արհեստավարժ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնց հետևողական աշխատանքը մեզ համար կարևոր է: Մենք Հայաստանի փոքրիկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության բարձրացման ուղղությամբ ունենք անելիքներ՝ սկսած նախադպրոցական կրթության փուլից, մինչև դպրոցական տարիքի վերջին փուլը, և հասարակական սեկտորի հետ համագործակցությունն այդ ուղղությամբ դիտարկում ենք առաջնային»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է, որ հեռանկարային է համարվում համագործակցությունը նախադպրոցական կրթության, աղետների ռիսկի նվազեցման կրթության, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական հաստատություններում ներառականության ապահովման ուղղությամբ:
«Մեզ համար թիրախային է համարվում հատկապես ներառական նախակրթարանների հիմնումը, երբ 5 տարեկան երեխաների մանկապարտեզ հաճախումը դիտվում է, որպես նախապատրաստական աշխատանք՝ դպրոց հաճախելուց առաջ: Մենք այսօր մանկապարտեզներում ունենք շենքային խնդիրներ՝ ծանրաբեռնվածության հետ կապված և այժմ դիտարկում ենք նախակրթարանների բաղադրիչը դպրոցներում կազմակերպելու հնրավորությունը: Դա ինչ-որ իմաստով կփոխարինի նախկին զրո դասարանին, որտեղ երեխաները կհաճախեն մի քանի ժամով և կսովորեն ուսումնական գործընթացի հիմնական կանոնները, որը կարևոր է և՛ դաստիարակության, ՛և ուսումնական գործընթացին պատրաստ լինելու առումով»,- նշել է նախարարը:
Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արսեն Ստեփանյանը շեշտել է ԿԳՆ-ի հետ համագործակցության ներառականության գաղափարը,՝ նշելով, որ ամենակարևոր խնդիրներից մեկը հասարակության համարժեք ընկալումն է, առանց որի համընդհանուր ներառականության բարեփոխումը չի կարող հաջողություն ունենալ. «Մենք կարող ենք ունենալ պրոֆեսիոնալ աշխատակազմ, վերապատրաստված ուսուցիչներ, բայց հանրային կարծիքը, այսինքն նույն դասարանում գտնվող երեխաների վերաբերմունքը ներառական համակարգում ընդգրկված երեխայի նկատմամբ, շատ կարևոր է և մենք այդ ուղղությամբ լուրջ աշխատանք ունենք կատարելու»,- նշել է Ա. Ստեփանյանը և հավելել, որ առաջնային կարևորություն ունի տարբեր մոդելներով ներառական մանկապարտեզների հիմնումը, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության ոլորտը ևս ներառական դարձնելը:
Նշենք, որ համաձայն հուշագրի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում, ի նպաստ երեխաների, ապահովել մատչելի, որակյալ և ներառական կրթություն՝ անվտանգ և առողջ միջավայրում:
Այդ նպատակով իրականացվելու են համատեղ ծրագրեր, մասնավորապես՝ համատեղ վերապատրաստման դասընթացներ, կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի և նախագծերի, ռազմավարական և հայեցակարգային փաստաթղթերի հանրային քննարկումներ, փորձի փոխանակում և կարողությունների հզորացմանը միտված գործնական ծրագրեր:
Համագործակցության շրջանակում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից ՀՀ ուսումնական հաստատություններին կտրամադրվի համաշխարհային փորձի ուսումնասիրության արդյունքների վրա հիմնված փորձագիտական աջակցություն՝ ներառական կրթության ոլորտում :