Ամփոփվել է արգենտինական տանգոյի դպրոցական մրցաշարը

2015-12-18

 Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում ամփոփվել է արգենտինական տանգոյի աշակերտական մրցաշարը, որն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան միջև կնքված հուշագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Մրցաշարին մասնակցել են Երևանի տարբեր ավագ դպրոցներից ընտրված 28 աշակերտներ՝ 14 պարային զույգ:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին դեսպանատան ու նախարարության, ինչպես նաև պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներ: Ողջունելով պարային մրցաշարի մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը կարևորել է մշակութային ծրագրերի իրականացումը հանրակրթական դպրոցներում. «Մենք հիմնական դպրոցում կարողացանք հաջողությամբ ներդնել ազգային պարի ուսուցումը: Այսօրվա մրցաշարը դպրոցներում պարի ուսուցման տրամաբանական շարունակությունն է և հաճելի է տեսնել, որ մեր ավագ դպրոցներում ունենք նաև տանգոյի երկրպագուներ»,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը՝ հավելելով, որ այս մրցաշարում հաղթողներին ընտրելը ունի զուտ խորհրդանշական նշանակություն, քանի որ դիտարժան պարի մատուցումը արդեն հաղթանակ է: Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ևս շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ նշելով,որ ինքը լինելով արգենտինացի ստիպված է խոստովանել, որ տանգո պարելու հարցում մրցույթի մասնակից դպրոցականների չի կարող ուժերը չափել. «Դուք բոլորդ ինձնից լավ եք պարում»,- նշել է դեսպանը: Ժյուրիի որոշմամբ առաջին տեղը գրավել են Սոֆի Անդրեասյանն ու Էրիկ Բարսեղյանը, երկրորդ տեղը՝ Ալեքսանդր Շամիլյանն ու Մարիաննա Գևորգյանը, երրորդ տեղը՝ Էրիկ Հովհանիսյանն ու Սյուզաննա Հրաչիկյանը: Նշենք, որ ՀՀ ԿԳՆ-ի և Արգենտինայի դեսպանատան միջև արգենտինական տանգոյի դպրոցական մրցաշար կազմակերպելու հուշագիրը ստորագրվել է այս տարվա նոյեմբերին, որից հետո աշակերտների համար մոտ մեկ ամիս կազմակրպվել էին տանգոյի անվճար դասընթացներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։