ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի անդրադարձը ՄԻՊ-ի հաղորդագրությանը

2015-12-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև նախօրեին Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը: Նախարարը, մասնավորապես, նշել է. «Ժամանակին, երբ Օմբուդսմենը նոր էր ընտրվել, ես բավականին մեծ աջակցություն եմ ցուցաբերել նրան, երբ ցանկանում էր դառնալ հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն: 
Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը: Եթե Օմբուդսմենն իր համար նոր է բացահայտում, որ հանրապետությունում առկա են կարիքավոր դպրոցներ, ապա ցավում եմ դրա համար, քանի որ ՀՀ քաղաքացի լինելով` նա պարտավոր էր դրա մասին իմանալ ի սկզբանե: Պարտադիր չէ լինել Օմբուդսմեն` իմանալու համար, որ դպրոցներում խնդիր կա: Իսկ մասնագիտական աշխատանքի թերությունը նույնպես ակնհայտ էր: Իհարկե, այդ դպրոցը ԿԳՆ ենթականության է, և մենք գիտենք այդ խնդիրները` առանց իր շոուների: Երևի բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել իր խարխլված հեղինակությունը: Հատկապես, եթե մասնագիտական առումով դիտարկեր և հասկանար, որ պետական գերատեսչությունների միջև պարտավորություններ կան կատարելու, ապա ահազանգը պետք է ուղարկեր այլ գերատեսչություն: Շենք-շինությունների համար պատասխանատուն ընդհանուր առմամբ կառավարությունն է, սակայն գերատեսչական մասով` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Նշեմ, որ այսօր հանրապետությունում վերանորոգման կարիք ունի շուրջ 400 դպրոց, ուստի Օմբուդսմենի աշխատակազմի համար ամեն օր այն կարող է դառնալ մամուլի հաղորդագրության կամ սերիալի թեմա:
Առհասարակ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մշտապես գտնվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում, որի ապացույցն է համընդհանուր ներառականության անցմանն ուղված քաղաքականությունը, երեխայի կրթության աջակցության եռաստիճան` մանկավարժահոգեբանական համակարգի ներդրումը, առկա խնդիրների նկատմամբ բաց և թափանցիկ հանրային լայն քննարկումների իրականացումը»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։