Արմեն Աշոտյանը պարգևատրվել է ֆրանսիական՝ «Ակադեմիական արմավենի» ասպետի շքանշանով

2015-11-30

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր հրավիրված ընդունելության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի անունից պարգևատրվել է Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենի» ասպետի շքանշանով: Պարգևը հանձնել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:«Մենք ցանկացել ենք մեր հարգանքը մատուցել առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ կրթության ոլորտում ծավալված հագեցած և արդյունավետ համագործակցության համար:
 Ցանկացանք ըստ արժանվույն գնահատել պարոն Աշոտյանի ունեցած դերակատարությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանում ունեցած հաջողությունների, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցման տարածման և ամրապնդման համար»,- հանձնելով շքանշանը՝ նշել է դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:
Դեսպանը ընդգծել է նաև, որ Ֆրանսիայի կառավարությունը իր հարգանքն ու երախտագիտությունն է ցանկանում մատուցել պարոն Աշոտյանին՝ Երևանի թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ հիմնելու համար. «Եթե չլիներ պարոն Աշոտյանի անձնական ջանքերը, այս կրթօջախը չէր լինի այնպիսին, ինչպիսին այսօր ներկայանում է աշակերտներին»,- իր խոսքում նշել է դեսպանը՝ հավելելով, որ իրենք ասպետի շքանշանը հանձնելիս կարևորել են նաև այն գնահատականը, որ Ա. Աշոտյանը ՀՀ կառավարության ֆրանսիախոս անդամներից է: Դեսպանը կարևորել է նաև այս տարվա մայիսին Երևանում կազմակերպված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որի ընթացքում Բոլոնիայի քարտուղարությունը Երևանից փոխանցվեց Փարիզին: Ֆրանսիան այս միջոցառմանը ներկայացված էր պետնախարարի մակարդակով:
Իր հերթին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով պարգևատրման համար, ընդգծել է, որ Ֆրանսիայի նկատմամբ յուրաքանչյուր հայ ունի առանձնահատուկ և ընդգծված ջերմ վերաբերմունք. «Ես ժամանակին հնարավորություն եմ ունեցել ուսանել ֆրանսիական բուհերից մեկում և ֆրանսիական ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ դրական վերաբերմունքս ավելի ընդգծված է: Որպես կրթության և գիտության նախարար՝ ես շնորհակալ եմ, որ համատեղ ծրագրերի ընթացքում կարևորվել է նաև իմ համեստ դերակատարությունը: Իհարկե, հայ-ֆրանսիական կապերը չէին կարող շրջանցել կրթության և գիտության ոլորտները: Մեր երկկողմ հարաբերությունները մեծ հեռանկար ունեն ապագայում ևս: Մենք կարևորում ենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը դառնա տարածաշրջանային նշանակության ֆրանկոֆոն կենտրոն՝ ներգրավելով նաև արտասահմանցի ուսանողների»,–նշել է Ա. ԱշոտյանըÖ‰
Նախարարն ընդգծել է նաև, որ ՀՀ ԿԳՆ-ն Ֆրանսիայի հետ արդյունավետ համագործակցում է ոչ միայն երկկողմ մակարդակում, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Բոլոնիայի գործընթացի շրջանակում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։