Ա. Աշոտյան. Քարոզչությունը բացառապես օրենքի շրջանակում

2015-11-23

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը: Ի թիվս օրակարգային հարցերի՝ նախարարն անդրադարձել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչական աշխատանքներին առնչվող խնդիրներին՝ կրկին ընդգծելով և հիշեցնելով համապատասխան ստորաբաժանամումների ղեկավարներին, որ քարոզչությունն ուսումնական հաստատություներում օրենքով  արգելված է:
Նախարարն հանձնարարել է սահմանել խիստ վերահսկողություն՝ օրենքի խախտման յուրաքանչյուր փորձի կանխարգելման  նպատակով, իսկ արձանագրված փաստերի դեպքում՝ պատասխանատվությունը, ինչպես շեշտել է Ա. Աշոտյանը, ընկնում է ուսումնական հաստատության ղեկավարության վրա և այս դեպքում  կկիրառվեն  օրենքով սահմանված կարգապահական տույժեր:  Նախարարը միաժամանակ  նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  սահմանել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ին  կայանալիք  հանրաքվեի կազմակերպման նպատակով քարոզչություն կատարողներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը՝ Երևանի և մարզերի համար և քարոզչական գործունեություն թույլատրելի է իրականացնել բացառապես այդ ցանկի շրջանակում:
Նշված ցանկին կարելի է ծանոթանալ  ԿԸՀ պաշտոնական կայքում /elections.am/ :

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։