Ա. Աշոտյան. Հայերենը չի կարող լինել սոսկ դասական արժեք

2015-11-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել «Արդի հայերենի հիմնախնդիրներ» երկօրյա միջազգային գիտաժողովի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Շեշտելով, որ գիտաժողովը բնույթով համազգային և ակադեմիական է, նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ գիտաժողովն ամենամյա բնույթ է կրելու. «Արդի հայերենի խնդիրները կուտակվել են տարիներով, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Հայաստանից դուրս: 
Լեզվի կարևորությունը ընդգծելու համար, իհարկե կարելի է մեջբերել դասականներին, հիշատակել գրաբարյան աղբյուրներ և ասել, որ հպարտ ենք մեր ազգային ինքնության հենասյունը հանդիսացող լեզվով: Բայց այսօրվա խնդիրն աշխարհի զարգացման ներկա կանոններն հասկանալն ու դրանց համահունչ զարգացում ապահովելն է: Համաձայն վերջին հետազոտությունների՝ հայերենը ներառվել է 50 առավել ազդեցիկ լեզուների շարքում՝ իր տարածվածությամբ, թարգմանչական ծավալով և անգամ սոցիալական ցանցերում կիրառմամբ: Առաջին հայացքից սա դրական ցուցանիշ է, որովհետև աշխարհում ավելի քան 2000 լեզու կա և մենք լավագույն 50-ի մեջ ենք: Հայ մարդու առաջամարտիկ լինելու բնատուր հակումը թույլ  է տալիս ասել, որ սա քիչ է: Խնդիրը մեր  առջև ծառացած մարտահրավերներն ընկալելու ազգային գիտակցության  մեջ է: Մարտահրավերները շատ են՝ հայ բանասիրությունը և լեզվաբանությունը երիտասարդների համար գրավիչ կրթական և գիտական իրողություն չլինելուց սկսած մինչև սփյուռքում ոչ հայախոս հայերի ուծացման վտանգը: Հայերենով խոսում է 6 մլն մարդ, մինչդեռ ընդունված է, որ մենք աշխարհում 10 մլն ենք, այսինքն՝ 4 մլն հայ չի խոսում հայրերեն. սա շատ լուրջ մարտահրավեր է, որովհետև ոչ հայախոս հայը դառնում է ուծացման թիրախ»,- իր խոսքում նշել է նախարարը: Ա.Աշոտյանի խոսքով, խնդիրներ կան նաև արևմտահայերենի  պահպանման հետ կապված, սակայն պետք է ընդունել, որ հայրենի ամենալուրջ խնդիրները Հայաստանում են. «Մենք վերջին տարիներին ականատես ենք լինում լեզվի աղավաղման դրսևորումների հենց հայրենիքում: Ակնհայտ է, որ այստեղ շատ կարևոր դերակատարում ունի դպրոցը: Մենք խնդիր ունենք դպրոցում հայերենը դարձնել գրավիչ և այս հարցի լուծումը պետք է գտնենք  մասնագետների հետ միասին: Թեստային քննությունների փուլում հայերենը դպրոցում դիտվում է որպես չափից ավելի ծանրաբեռնված և ավտոմատացված գիտելիքներ պահանջող առարկա: Մեր այսօրվա մանկավարժությամբ չի խրախուսվում հայերենի իմացությունը,  չի բացահայտվում հայերենի իրական հարստությունը, այլ փորձ է արվում  թեստային քննություններով աշակերտի ջանքերը կենտրոնացնել մեխանիկական, անհրապույր  ու տխուր իրողությունների վրա: Այստեղից է սկսվում շատ բան»,- նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ լեզվի աղավաղման հարցում դերակատարում ունեն նաև ԶԼՄ-ները, քաղաքական և հասարակական գործիչները, ովքեր մեծամասամբ չեն պահպանում լեզվի անաղարտությունը: «Բայց միաժամանակ փաստ է, որ հայերենը չի կարող լինել սոսկ դասական արժեք, որը բոլորը գնահատում են շատ բարձր, սակայն չեն կարողանում օգտագործել»,- եզրափակել է նախարարը և հույս հայտնել, որ համաժողովը հնարավորություն կտա ձևավորել գիտական առաջարկություններ, որոնք հետագայում կիրառական նշանակություն կունենան և կնպաստեն հայերենի զարգացմանը:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Համազգային հայ կրթական և մշակութային միությունը և ԵՊՀ-ն: Նախատեսված են բազմաթիվ լեզվաբանների զեկույցներ՝ Հայաստանից և արտերկրից: Գիտաժողովին ներկա են եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։