Ա. Աշոտյանը դադարեցրել է բժշկական կրթական որոշ ծրագրերի լիցենզիայի գործողությունը

2015-11-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով 2015թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում բակալավրի և մագիստրոսի բժշկական կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել բժշկական մասնագիտություններով գործող մի շարք ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: 
Ուսումնասիրությունների արդյունքում Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` դադարեցվել են «Նավասարդ ինստիտուտ» ՍՊԸ-ին բարձրագույն կրթական ծրագրով, դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանով` «Ստոմատոլոգիա» և բակալավրի որակավորման աստիճանով` «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի գործողությունը, «Գյումրիի «Պրոգրես» համալսարան» ԱԿ-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով` «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով գործունեության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը: Բացի այդ,  նախարարի մեկ այլ հրամանով դադարեցվել է «Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ի մագիստրոսի կրթական ծրագրով` «Ստոմատոլոգիա» և «Դեղագիտություն» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի     գործողությունը:
Նշենք, որ բժշկական մասնագիտություններ ունեցող ոչ պետական բուհերում ուսումնասիրությունները շարունակվում են:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։