ԵՄ ծրագրերը` բուհերի միջազգայնացման արդյունավետ գործիք

2015-11-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության Էրազմուս+ բարձրագույն կրթություն-Միջազգային կարողությունների զարգացում բաժնի ծրագրային համակարգող Խոսե Գուտիերեսին, նույն գործակալության` Հայաստանում իրականացվող ծրագրերի պատասխանատու Ալմուդենա Սայենս դե Միերային և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովային: Ողջունելով հյուրերին` նախարարը վերջիններիս է ներկայացրել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունքները, Երևանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի շրջանակում ընդունած Երևանի հռչակագրի հիմնական շեշտադրումները բուհական ինքնավարության վերաբերյալ:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու արդյունավետ գործիք են`  կարևորելով, որ հատկապես վերջին տարիներին ԵՄ ծրագրերում մասնակցության ցուցանիշի ակտիվությամբ Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում Հայաստանը դարձել է տարածաշրջանի առաջատարը. «Արձանագրված արդյունքները վկայում են, որ Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է, հետևաբար սկսված բարեփոխումներն այդ ուղղությամբ շարունակվելու են»,- նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ՀՀ բուհերի համար ԵՄ կողմից իրականցվող ծրագրերից, հատկապես «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերը ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման տեսանկյունից  բացառիկ հաջողություն են ունեցել: Այդ համատեքստում նախարարը կարևորել է այդ ծրագրերում ՀՀ բուհերի ներգրավվածության, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրերի թափանցիկության,  դրանք շահառուների հասանելի դարձնելու խնդիրը:
Խոսե Գուտիերեսն իր հերթին անդրադարձել է վերոնշյալ ծրագրերի շրջանակում բուհերի միջազգայնացման, միջբուհական ուղղակի կապերի զարգացման և  Էրազմուս+  նախագծին հայկական բուհերի մասնակցությամբ իրականացվող  ծրագրերին: Նա կարևորել է վերոնշյալ ծրագրերի արդյունավետության բարձրացման հարցը` ընդգծելով, որ դրանք լավ գործիք են` բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների հզորացման, ուսանողական շարժունության և միջբուհական համագործակցության, բուհական ինքնավարության ապահովման առկա մեխանիզմների տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր կրթական ծառայությունների մատուցման, փոխանակման ծրագրերի, դրանցում ներգրավված երկրների համար հավասար սկզբունքների կիրառման, «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության և այլ հարցեր:  Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կազմակերպաիրավական կարգավիճակի հարցին:
Նշենք, որ Խոսե Գուտիերեսի և Ալմուդենա Սայենս դե Միերայի` առաջին անգամ Հայաստան կատարվելիք այցելության շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ տեղեկատվական օր Երևանում, հանդիպում Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ, Տեմպուսի ընթացիկ ծրագրերի մշտադիտարկում և ծանոթություն Էրազմուս+ կարողությունների զարգացմանը միտված նոր ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչների հետÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։