Արգենտինական տանգոյի մրցաշար` Երևանի ավագ դպրոցներում
2015-11-12
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Երևանի ավագ դպրոցներում տանգոյի մրցաշար կազմակերպելու մասին: Ըստ Արմեն Աշոտյանի` երկու երկրների միջև համագործակցությունը մեկնարկել է համեմատաբար փոքր, բայց կոնկրետ գործողություններով: «Հիմք ընդունելով երկու երկրների միջև առկա հարաբերությունները և ցանկանալով ամրապնդել համագործակցությունը Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների միջև` հղացավ այս նախաձեռնությունը` արգենտինական բրենդերից մեկի` տանգոյի աշակերտական մրցաշարի անցկացումը Երևանի մի շարք ավագ դպրոցներում:
Մրցաշարի նպատակն է` հայ երիտասարդներին ծանոթացնել Արգենտինային և նրա մշակույթին, նպաստել Արգենտինայի վերաբերյալ ընդհանուր հետաքրքրությունների զարգացմանը Հայաստանի դպրոցականների շրջանում: Վստահ եմ, որ այս հաջողակ ծրագրի մեկնարկին կհետևեն նոր նախաձեռնություններ` հաշվի առնելով ջերմ և ավանդական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, կարևորելով երկու երկրների կառավարությունների միջև համագործակցությունը, իր հերթին նշել է, որ այս նախաձեռնությունը փոքր քայլ է մեծ համագործակցության ճանապարհին:
Նշենք, որ հուշագրի համաձայն` կողմերը տանգոյի դասընթացներ կկազմակերպեն Երևանի ավագ դպրոցների աշակերտներից կազմված 22 զույգի համար: Արգենտինայի դեսպանությունը կտրամադրի տանգոյի դասընթացների պարուսույց բոլոր մասնակիցների համար: Մրցաշարի ժյուրին կազմված կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության ներկայացուցիչներից: Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Առաջին մրցանակի համար սահմանված են տանգոյի անվճար դասընթացներ: Երեք հաղթող զույգերը կստանան արգենտինական հուշանվերներ, ինչպես նաև պատվոգրեր և շնորհակալագրեր: