Կրթության ոլորտում խտրականության բացառումը` ուշադրության կենտրոնում

2015-11-09

Օրերս Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախարարական հանդիպումը, որին մասնակցել են 195 անդամ երկրների կրթության և գիտության նախարարներ և նրանց տեղակալներ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ելույթներ են ունեցել ՄԱԿ-ի տարբեր  կառույցների և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, կրթության ոլորտի պատասխանատուներ: Որպես հյուրընկալող երկիր` մասնակիցներին ողջունել է Ֆրանսիայի կրթության և գիտության նախարարը: Հանդիպմանն ընդունվել է «Կրթություն-2030» հիմնարար փաստաթուղթը` իր համապատասխան գործողությունների ծրագրով` ինչպես աշխարհի երկրները զարգացնեն իրենց կրթական համակարգը մինչև 2030 թվականը:
Հանդիպմանը հնչել են 94 երկրների կրթության պատասխանատուների, այդ թվում` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի ելույթները: Իր խոսքում Կարինե Հարությունյանը ողջունել է գործողությունների ծրագրի ընդունումը` ընդգծելով, որ փաստաթղթի կարևորագույն նպատակն է` մինչև 2030 թվականն ունենալ հավասարապես մատչելի, ներառական, որակյալ կրթություն բոլորի համար, ներառյալ` շարունակական կրթությունը: «Հայաստանի Հանրապետությունն արդեն 20 տարի է` կրթական բարեփոխումներ է իրականացնում կրթության բոլոր մակարդակներում և ուղղություններով: Եվ այս հիմնարար փաստաթղթում նշված նպատակներից մի քանիսը Հայաստանում արդեն իսկ իրականացվել են: Մասնավորապես, 12-ամյա պարտադիր, պետականորեն ֆինանսավորվող, անվճար միջնակարգ կրթության իրականացումը»,-նշել է Կարինե Հարությունյանը` իր ելույթի հաջորդ հատվածում անդրադառնալով նաև չճանաչված պետություններում կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: «Կրթության ոլորտում պետք է բացառել խտրականության ցանկացած դրսևորում. կրթությունը պետք է մատչելի լինի բոլորի համար, քանի որ այն մարդու հիմնարար իրավունքներից է: Խոսքը վերաբերում է ոչ միայն կոնֆլիկտային տարածքներում ապրող երեխաների, ներառյալ փախստականների, սոցիալապես անապահովների, այլ նաև չճանաչված պետությունների երեխաների հավասար  և որակալ կրթության ապահոմանը: Վերոնշյալ պետությունների երեխաների նկատմամբ իրականացվում է  խտրականություն. այդ երկրները շփում չունեն այլ երկրների  կրթական համակարգերի հետ, նրանց ավարտական փաստաթղթերը չեն ճանաչվում, որն էլ իր հերթին հնարավորություն չի տալիս ինտեգրվել և մասնակցություն ունենալ գործող շարժունության և այլ ծրագրերին: Եվ սա այն պարագայում, որ այդ երեխաները ոչնչով մեղավոր չեն, որ ծնվել և սովորում են չճանաչված պետությունների տարածքներում»,-նշել է Կարինե Հարությունյանը` ընդգծելով, որ վերոնշյալ խնդիրը պետք է միշտ բարձրացվի համաշխարհային ֆորումներում, լինի տարբեր միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Այս համատեքստում Կարինե Հարությունյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարը գրությամբ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ստեղծել աշխատանքային խումբ տարբեր երկրների ներկայացուցիչների մասկացությամբ, որը պետք է զբաղվի չճանաչված պետությունների և տարածքների երեխաների կրթական իրավունքների պաշտպանությամբ: Կարինե Հարությունյանը ներկաներին տեղկացրել է, որ նախարարի նամակին դրական պաատասխան է տրվել: Իր ելույթում Կարինե Հարությունյանն անդրադարձել է  նաև այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։