Սահմանվել են անապահով ուսանողների ուսման վճարի փոխհատուցման նվազագույն ՄՈԳ-երը

2015-11-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի հմ. 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հրաման է ստորագրել՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության (բակալավրի կրթական աստիճանով և ինտեգրացված ծրագրով) մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը հաստատելու մասին: 
Հրամանով պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում  2-րդ և բարձր կուրսերում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը սահմանվում է՝
•    բակալավրի կրթական աստիճանի և ինտեգրացված ծրագրի համար` 40 % /ՄՈԳ/,
•    մագիստրոսի կրթական աստիճանի համար` 50 % /ՄՈԳ/:
Առաջին  կուրսի ուսանողների համար՝ 
•    բակալավրի կրթական աստիճանում և ինտեգրացված ծրագրով՝ 15 միավոր,
•    մագիստրոսի կրթական աստիճանում` նախորդ ուսումնառության ընդհանուր միջին որակական գնահատականը՝ 41 % /ՄՈԳ/:
  Նշենք, որ սահմանված ՄՈԳ-երի առկայության պայմաններում սոցիալական անապահովության սանդղակում ընդգրկված ուսանողները, ովքեր սահմանված ժամկետում ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, պետության կողմից ենթակա են  ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման՝  50-100 տոկոսի չափով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։