ՀՀ մի շարք կրթական բարեփոխումներ կարող են որպես օրինակ ներկայացվել արտերկրում
2015-11-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Տանյա Ռադոչայի հետ: Շեշտելով, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՆ-ի կարևոր գործընկերներից է, ՀՀ ԿԳ նախարարը Տ. Ռադոչային մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի, որ արդեն սկսված համատեղ ծրագրերի բարեհաջող ավարտին հասցվեն, ինչպես նաև իրականցվեն նոր ծրագրեր:
Իր հերթին Տանյա Ռադոչայը պատրաստակմություն է հայտնել կրթության, մասնավորապես երեխաների խնամքի և ներառական կրթությոն ոլորտում համագործակցությունն ու աջակցությունը շարունակելու հարցում, ինչպես նաև նշել է, որ տպավորված է Հայաստանի կրթական առաջընթացով, հատկապես համընդհանուր ներառականության անցնելու և դպրոցների անվտանգության ապահովման հարցերում: Ըստ տիկին Տ. Ռադոչայի՝ Հայաստանի մի շարք կրթական բարեփոխումներ, որպես հաջողված փորձ և օրինակ, կարող են ներկայացվել այլ երկրներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների ծրագրին, որի կարևոր բաղադրիչներից է նաև համընդհանուր ներառական կրթության ներդրումը: Կողմերը քննարկել են նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից մշակված երեխաների իրավունքների պաշտպանության հռչակագրի մանկական տարբերակի մշակմանը, որի հրապարակումը նախատեսվում է առաջիկայում: Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը ստորագրել է ՀՀ ԿԳՆ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախաարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից մշակված փոխըմբռնման հուշագիրը, որը վերաբերում է մեր երկրում երեխաների խնամքի համակարգի բարելավմանը: Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնման մասին հուշագրով նախատեսվում է օժանդակել Հայաստանում համընդհանուր ներառականության համակարգի ներդրմանը, ինչպես նաև աջակցել՝ հատուկ և գիշերօթիկ դպրոցների վերակազմավորմանը՝ ներառական կրթության աջակցման ռեսուրս կենտրոնների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերը, մասնավարապես հեռավոր և սահմանամերձ գյուղերի դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին օժանդակելու հարցը: