ՀՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱՈՃԻ ԵՎ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ/ երկրորդ հատված/
2015-10-28
Հայաստանի կարևորագույն խնդիրները ուսանողների կարծիքով
•Երևանի ուսանողության կարծիքով Հայաստանի առջև կանգնած կարևորագույն խնդիրն է գործազրկությունը (նշել են 25.3%-ը), որին հետևում են՝ աղքատությունը (20.0%), երկրի անվտանգության ապահովումը (19.8%), երկրի տնտեսական թերզարգացածությունը (19.6%), արտագաղթն ու արտագնա աշխատանքի մեկնումները (19.3%):
Ուսանողների դիրքորոշումները տնտեսական և ստատուսային անհավասարության նկատմամբ
•Ուսանողների 58.8%-ը համաձայն են այն կարծիքն, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 27.7%-ը՝ համաձայն են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը անարդարությունն է, իսկ 12.1%-ը համաձայն են այն կարծիքին, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է: Երբ երկիրը հարստանա՝ այդ խնդիրները կլուծվեն:
•Ուսանողների 33.0%-ը համաձայն է որ. «բնական է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողները անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության` այդպես կվարվի»: Այդ կարծիքի հետ համաձայն չեն ուսանողների 66.6%-ը:
Ուսանողների հասարակագիտական գիտակցության կազմավորվածությունը
•Ուսանողների ընդամենը 6.8%-ը ճիշտ գիտեն «ԻՎնչ հասարակարգ է այսօր Հայաստանում» հարցի պատասխանը: Ընդ որում, հասարակագիտական մասնագիտությունների ուսանողների շրջանում ճիշտ գիտեն այդ հարցի պատասխանը նրանց ընդամենը 12.4%-ը:
•Որևէ կուսակցության անդամ հանդիսացող ուսանողների շրջանում «ԻՎնչ հասարակարգ է այսօր Հայաստանում» հարցի պատասխանը ճիշտ գիտեն ընդամենը՝ 1.2%-ը, որևէ հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ուսանողների շրջանում՝ 4.9%-ը, որևէ քաղաքացիական նախաձեռնության անդամ հանդիսացող ուսանողների շրջանում՝ 6.3%-ը:
•Թերի կամ շեղված հասարակագիտական գիտակցությամբ ուսանողների շրջանում ավելի բարձր են Հայաստանի ընդհանուր ընթացքի նկատմամբ լոյալության դիրքորոշումները:
Ուսանողների հասարակական ակտիվությունը
•Երևանի ուսանողների 29.2%-ը աջակցում է հասարակական նախաձեռնություներին (Հայաստանում այդպիսիք են չափահաս բնակչության 10.0%-ը), 10.3%-ը հասարակական կազմակերպության անդամ է (Հայաստանում՝ 2.8%) և 6.8%-ը՝ անդամակցում են կուսակցություններին (Հայաստանում՝ 12.3%):
Լրացուցիչ տեղեկատվություն «ՀՀ ուսանողների կենսաոճի եվ Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» մասին
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվերով՝ IPSC ընկերության կողմից, 2015թ.-ի մայիս-հունիս ամիսներին:
Իրականացվել է կոմպլեքսային սոցիոլոգիական հետազոտություն, այդ թվում՝ զանգվածային հետազոտություն (հետազոտության ընդհանուր համակցությունն էր՝ Երևանի պետական համալսարանների առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, հարցվել է 1,221 ուսանող), փորձագիտական հարցազրույցներ կրթության ոլորտի փորձագետների հետ (20 հարցազրույց), ֆոկուս խմբային հետազոտություններ ուսանողների շրջանում (6 ֆոկուս խումբ):
«ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» առաջին՝ «Բոլոնյան գործընթացի ընդհանուր գնահատականներ» հատվածը հրապարակվել է 2015թ.-ի սեպտեմբերի 8-ին: Այն ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ՝ Բոլոնյան գործընթացի մասին ուսանողների ընդհանուր տեղեկացվածության, ուսման որակի անուղղակի գնահատականների, ուսանողների՝ օտար լեզվի և համակարգչային գիտելիքների իմացության, ինչպես նաև ուսանող և ՀՀ ԿԳՆ համագործակցության մասին: