Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը
2015-10-24
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Մհեր Սամվելի Ղազարյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 19-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում: 1997թվականին ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2003թ. նույն համալսարանի ասպիրանտուրան, իսկ 2005թ. ԵԽ-ին առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մհեր Ղազարյանը 1998-2004 թվականերին աշխատել է Երևանի 8-րդ բուժմիավորման վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բժիշկ-վնասվածքաբան, 2006-2009թթ. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ, 2009-2010 թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական: 2010թ. նոյեմբերից Մհեր Ղազարյանը նշանակվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար:
Մհեր Ղազարյանը 1997-2005 թթ. եղել է «Երիտասարդ բժիշկների միություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ, 1998-2005 թթ. «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահության անդամ, 2005-2006թթ. ԱՀՌԾ կառավարման խորհրդի անդամ, 2005-2006 թթ. «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահի պաշտոնակատար և 2002թ. առ այսօր «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ:
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով և պատվոգրով, ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Ղազարյանների ընտանիքին, հարազատներին և բարեկամներին անդառնալի կորստի կապակցությամբ:
Մհեր Սամվելի Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ժամը 1800-ին Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում /Կոնդ/:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, ժամը 1200-ին Զովունի գյուղի մշակույթի տանը, հուղարկավորությունը` ժամը 1400-ին գյուղի գերեզմանատանը: