Ուսուցչի օրվա առթիվ վարչապետը պարգևատրել է լավագույն մանկավարժներին
2015-10-05
Տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվել Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Գուրգեն Զարգարյանը, լավագույն դաստիարակ՝ Երևանի թիվ 47 մանկապարտեզի դաստիարակ Արմինե Մնացականյանը, լավագույն տնօրեն՝ Տավուշի մարզի Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Թումանյանը: Լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենայով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով: Մրցանակները նրանց հանձնել է կառավարության ղեկավարը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել շնորհավորական ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Սիրելի մանկավարժներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Մենք մեծապես կարևորում ենք ձեր աշխատանքը: Դուք դժվարին, պատասխանատու և շատ կարևոր գործի նվիրյալներ եք: Ուսուցիչը եղել և մնում է հոգևոր և բարոյական արժեքների լավագույն կրողն ու տարածողը: Այն լույսը, սերն ու ջերմությունը, գիտելիքների պաշարը, որ տալիս եք ձեր սաներին, վստահաբար, իրենց հետքն են թողնում նրանցից յուրաքանչյուրի՝ որպես անհատի կայացման ճանապարհին: Մեզանից յուրաքանչյուրն իր հիշողություններում պահում է այն ուսուցչի կերպարը, ով սովորեցրել է մտածել և հասկանալ, չընկրկել դժվարություններից, հավատալ և հաղթել: Իմ հիշողություններում ևս պահպանվում են իմ բոլոր ուսուցիչների կերպարները, որոնցից յուրաքանչյուրին յուրովի եմ շնորհակալ՝ իմ կյանքում ունեցած նրանց ավանդի համար:
Մեր երկրի անկախացումը և պետականության ամրապնդումը հնարավորություն տվեցին կրթության բնագավառում որդեգրել ոչ միայն ժողովրդավարության սկզբունքներ, այլև համակարգն ուղղորդել հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանը և զարգացմանը: Մեր երկրի ապագան կիրթ և զարգացած հասարակությունն է, ուստի կրթության որակի բարձրացմանն ու մատչելիության ապահովմանն ուղղված բարեփոխումները լինելու են շարունակական: Որպես կառավարության ղեկավար՝ նաև անձամբ աջակցելու եմ ոլորտի հետագա զարգացմանն ու ուսուցիչների որակավորման բարձրացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնության:
Այսօր մենք ձեռնամուխ ենք եղել Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացմանը, որի նպատակն է կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը: Ուսուցիչը մշտապես մեր պետության ուշադրության և հոգածության կենտրոնում է, քանզի ձեզ է վստահված մատաղ սերնդի, մեր վաղվա հասարակությունը ձևավորող անհատի կրթության և դաստիարակության չափազանց կարևոր ու պատասխանատու գործը: Մեր հետևողական ջանքերն ուղղված են և այսուհետ ևս ուղղված են լինելու մեր ուսուցիչների սոցիալական, տնտեսական խնդիրների լուծմանը և բարեկեցության ապահովմանը:
Սիրելի ուսուցիչներ,
ձեր հաջողություններն ակնհայտ են, ձեր ձեռքբերումներն ակնհայտ են: Մեր այսօրվա զինվորները, գիտնականները, շինարարները և բժիշկները ձեր սաներն են, ովքեր դիմակայելով ներկա բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին` անկոտրում կամքով կողք կողքի շենացնում են մեր անկախ պետությունը: Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ձեր հայրենանվեր ու պատասխանատու գործում: Մեր ապագան, հաջողության գրավականը մեր կրթված երիտասարդներն են, աշակերտները, ուսանողները և մեր եռամիասնությունը՝ Մայր Հայրենիք-Արցախ-Սփյուռք»: