Շահառուներին կմատուցվի առավել արժանահավատ տեղեկատվություն

2015-10-02

«Էլիտ Պլազա» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացների հանրային իրազեկումը համացանցում» թեմայով միջոցառում, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ոլորտում գործունեություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններ, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ինչպես նաև այլ շահառուներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Dasaran.am կայքում Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի ստեղծումը, որտեղ զետեղված է ամբողջական տեղեկատվություն Հայաստանում գործող բոլոր պետական քոլեջների և ուսումնարանների, դրանցում դասավանդվող մասնագիտությունների և որակավորումների վերաբերյալ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Dasaran.am կայքի անձնակազմին` արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար: «Dasaran.am կայքը վերջին տարիներին դարձել է կարևոր էլեկտրոնային հարթակ ոչ միայն վիճակագրության ուսումնասիրության, այլև հայրենասիրական դաստիարակության, աշխարհաճանաչողության, հայագիտության և այլ բնագավառների համար: Dasaran.am կայքը Հայաստանի ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկն է, որի օգտատերերի թիվը հավասար է մեր աշակերտների թվին: Մյուս կողմից` վերջին տարիներին բազում բարեփոխումներ են իրականացվել մասնագիտական կրթության ոլորտում, որի արդյունքում այն ավելի գրավիչ և մրցունակ է դարձել` որպես կրթական ծառայություններ մատուցող համակարգ: Դրա լավագույն ցուցանիշը միջին մասնագիտական կրթական հաստատությունների դիմորդների թվի աճն է: Ուրախ եմ, որ այս երկու ուղղությունները միասին են աշխատելու, որովհետև մի կողմից` Dasaran.am կայքը տալիս է հրաշալի հնարավորություն`  տեղեկատվության ավելի լայն տարածման համար, մյուս կողմից` մասնագիտական կթրության հետագա գրավչությունն ապահովելու համար կարևոր է ճիշտ իրազեկումը և հանրայնացումը: Այս երկու ուղությունների  հատման միջոցով այսուհետ  ոլորտի շահառուներին կմատուցվի առավել արժանահավատ տեղեկատվություն, որը կարող է դառնալ մասնագիտության ընտրության և կողմնորոշման համար կարևոր հիմք»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին, որոնց աջակցության, ըստ Արմեն Աշոտյանի,  ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները դարձել են իրականություն: «ԵՄ-ի, Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև այլ միջազգային դոնորների մասնակցությունն այս գործընթացներին  անկյունաքարային նշանակություն են ունեցել: Նախարարը կարևորել է նաև հանրային կառույցների, սոցիալական գործընկերների, անհատ ձեռներեցների ներգրավումը, որոնք, Արմեն Աշոտյանի խոսքով, ավելի պահանջված են դարձրել աշխատաշուկան:
«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրել է Dasaran.am կայքում ՄԿՈՒ բաժինը, իսկ ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի Զարգացման ծրագրերի բաժնի պետ Աստղիկ Կարախանյանը` «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ներկայացում համացանցում» շնորհանդեսը:
Նշենք, որ միջոցառման նպատակն էր` հանրության լայն զանգվածներին տեղեկացնել ոլորտի լուսաբանման բոլոր հնարավոր տարբերակների մասին, դրանցում ներկայացված տեղեկատվությունը, փնտրման եղանակները, ինչպես նաև ոլորտում ներգրավված անձանց համար նախատեսված քննարկումների հարթակները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։