Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի բացում
2015-01-26
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին համընթաց Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է արդիականացնել և բարելավել բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը` ներդնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման արդյունավետ սկզբունքներ ու մեխանիզմներ: Այս ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ստեղծումը, որը բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանման քաղաքականության գործիք է:
ՆՄՀ շրջանակներում նորարարական ծրագիր է իրականացվել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ ստեղծվել է Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը (ՍՏՈՒԿ փրոդաքշն): Կենտրոնի ստեղծումը նպատակ ունի նպաստել ԵԹԿՊԻ-ի ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ապահովել նորարական տեխնոլոգիաների ներդրումը բուհում` համադրելով թվային մեդիայի՝ հեռուստատեսության, կինոյի, անիմացիայի, խաղարկային արվեստի նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում: Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար ստեղծված միջավայր է՝ սովորելու և ստեղծագործելու համար: Ուսանողները հնարավորություն ունեն ստեղծագործել և ծրագրավորել մեդիայի ոլորտում, թիմերով աշխատել իրական նախագծերի վրա: Ինստիտուտում իրականացվել է տեխնիկական և ծրագրային զինում, ստեղծվել են լաբորատորիաներ և տաղավարներ:
Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի ստեղծումը հնարավորություն է տվել.
- Մշակել և ներդնել կինոարվեստի ուսուցման մասնագիտությունների և մասնագիտացումների կրթական նոր ծրագրեր՝ խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, վավերագրական ֆիլմի ռեժիսուրա, անիմացիոն ֆիլմի ռեժիսուրա, կինոմոնտաժի ռեժիսուրա, հնչյունային ռեժիսուրա, հեռուստառեժիսուրա, համակարգչային գեղարվեստական նախագծում, օպերատորություն, գրական ստեղծագործություն և կինոգիտություն մասնագիտությունների համար:
- Վերապատրաստել և ուսուցանել դասախոսներին և ուսանողերին` պատրաստելով աշխատանքային շուկայում հեռանկարային և պահանջարկված մասնագիտություններով շրջանավարտների:
- Բարելավել ԵԹԿՊԻ-ի կրթական գործընթացների որակը` առցանց պլատֆորմի գործարկման միջոցով: