Ավելի քան 22 հազար աշակերտ ընդգրկված է «Կայուն դպրոցական սնունդ ծրագրում»

2015-09-29

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն  այսօր ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ ծրագրի» ընթացքի, մարտահրավերների և զարգացման հարցեր: Արմեն Աշոտյանն ընդգծել է արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ` կարևորելով վերջինիս կողմից իրականացվող դպրոցական սնունդ ծրագիրը: Նախարարը կարևորել է ծրագրի իրականացումը ՀՀ հանրակրթական դպրոցներում` հույս հայտնելով, որ վերջնարդյունքում ծրագիրը կծածկի հանրապետության ողջ տարածքը:
Այդ համատեքստում Արմեն Աշոտյանը հատկապես կարևորել է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը:
Պասկալ Միշոն իր հերթին նշել է, որ համատեղ ջանքերով մշակված դպրոցական սնունդ ծրագրի տեսլականի և գործողությունների արդյունքում մեկ տարով երկարաձգվել է ծրագրի իրականացումը, մինչև ՀՀ կառավարությունը կստանձնի ծրագրի շարունակականության ապահովումը:
Հանդիպման ավարտին նշվել է նաև, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել 2016 թվականին հյուրընկալել «Երեխաների սնուցման գլոբալ ֆորումը»:
Նշենք, որ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից «Կայուն դպրոցական ծրագիրը» մեկնարկել է Վայոց Ձորի մարզից: Ներկայումս մարզի բոլոր 45 դպրոցների տարրական դասարանների 2386 աշակերտ ստանում է դպրոցական նախաճաշ: 2015 թվականից ծրագիրն իրականացվում է նաև ՀՀ Արարատի և Սյունիքի մարզերում: Ներկայումս Արարատի մարզի 107 դպրոցներից 77-ում տրվում է տաք սնունդ: Ծրագրում ընդգրկված մարզի աշակերտների ընդհանուր թիվը 13618 է, տաք սնունդ ստացողներինը` 8629: Սյունիքի մարզի 113 դպրոցներից 41-ում ծրագրում ընդգրկված աշակերտների ընդհանուր թիվը 6300 է, տաք սնունդ ստացողներինը` 3200:
Ծրագրի աջակցությամբ վերոնշյալ 3 մարզերի բոլոր դպրոցները համալրվել են անհրաժեշտ սարքավորումներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։