ԿԳՆ-ն մշտապես ընդառաջել է իրանցի ուսանողների հետ կապված բոլոր խնդիրներին. ԻԻՀ դեսպան

2015-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարն ընդգծել է դեսպանի անձնական մեծ ներդրումը հայ-իրանական հարաբերություններում, մասնավորապես, կրթության և գիտության ոլորտում: Արմեն Աշոտյանը վստահություն է հայտնել, որ իր պաշտոնավարման ավարտից հետո էլ Մոհամմադ Ռեյիսիին` որպես գիտնական, կշարունակի աջակցությունը կրթական տարբեր ծրագրերի իրականացմանը: 
 «Իհարկե, կան դեռ բազում խնդիրներ հայ-իրանական համագործակցության համատեքստում, սակայն ակնհայտ է, որ դրանց լուծման հարցում մեր մոտեցումները  մշտապես եղել են արդար և պրոֆեսիոնալ»,-նշել է նախարարը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հնչած բարձր գնահատականի համար` ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում իսկապես հաջողվել է կյանքի կոչել բազում նախագծեր: Նա վստահեցրել է, որ նոր դեսպանի օրոք այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ, ավելին` կմեկնարկեն նոր նախագծեր: Մոհամմադ Ռեյիսին նաև ընդգծել է, որ նախարարությունը մշտապես ընդառաջել և արագ լուծում է տվել  իրանցի ուսանողների  հետ կապված բոլոր խնդիրներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև դիպլոմների փոխճանաչման հարցը, ինչպես նաև երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ այցելության, ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի, ԵՊՀ-ի և Թեհրանի համալսարանների միջև համագործակցության հնարավորությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։