Ստորագրված հուշագիրը ևս կյանքի կկոչվի նույն հետևողականությամբ. Ա. Աշոտյան

2015-09-23

ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև այսօր կնքվել է կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը:
Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում  Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ համագործակցությունը եղել է կոնկրետ ծրագրերի շուրջ: «Նախ, այն մի շարք դպրոցներում գերմաներենի խորացված դասավանդման ծրագրի` սերտիֆիկացված համակարգի ներդրումն է, ինչը շատ մեծ հաջողությամբ իրականացվում է: Երկրորդ կարևորագույն ձեռքբերումը աշակերտների, մասնագետների և տնօրենների փոխանակման ծրագրերն են: Ուզում եմ նաև նշել, որ նախորդ տարի Շտեֆան Դորգերլոհի հետ բանակցում էինք`  Հայոց Ցեղասպանության թեման երկրամասի դպրոցների դասարգրքերում ներառելու մասին, և այսօր իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրան` իր անձնական հետևողականության և ներդրման համար: Մտնել դպրոցական ծրագիր այս թեմայով` բավականին կարևոր և հատկանշական քայլ է. դա հնարավոր չէ իրականացնել` առանց գործընկեր երկրի քաղաքական կամքի և որոշման: Ցանկանում եմ, որ սա օրինակ ծառայի մյուս բոլոր եվրոպական երկրներին` ինչպես ընդդեմ մարդկության իրականացված ոճիրների դեմ պայքարը պետք է լինի լուսավորչական աշխատանքով»,-նշել է Արմեն Աշոտյանը` վստահեցնելով, որ ստորագրված հուշագիրը ևս երկուստեք կյանքի կկոչվի նույն հետևողականությամբ:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհին և հայ-գերմանական մշակութային կապերի զարգացման և Գերմանիայում հայ մշակույթի հանրահռչակմանը խթանելու համար վերջինիս  պարգևատրել ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը իր հերթին նշել է, որ հայ-գերմանական կրթական և մշակութային հարաբերություններն արդյունավետ են զարգանում: «Կարող ենք հաստատել, որ բազմաթիվ ոլորտներում իրականացրել ենք շատ ծրագրեր: Երկու երկրների միջև առկա է միջդպրոցական համագործակցություն, հայ և գերմանացի աշակերտների փոխանակում է իրականացվում: Մշակութային ոլորտում էլ վերջին երկու տարիներին բազմաթիվ ցուցադրություններ են կազմակերպվել»,-նշել է նա:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։