Հայաստանն աջակցում է Թուրքմենստանում կրթական բարեփոխումներին

2015-09-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը և նոր նախագծերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ երկու պետությունների միջև համագործակցությունը պետք է հնարավորիս սերտացնել, քանի որ երկու երկրներն էլ  իրականացնում են կրթական բարեփոխումներ, մասնավորապես, 12-ամյա կրթության և ավագ դպրոցի, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի հետ կապված: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ հայաստանյան փորձը կարող է օգտակար լինել թուրքմեն գործընկերների համար` հնարավոր սխալների կրկնումից խուսափելու տեսանկյունից:
Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է օտարերկրյա, տվյալ պարագայում թուրքմեն ուսանողների ներգրավմամբ` ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված են բավականին լավ պայմանները որակյալ  կրթություն ստանալու համար` ինչպես միջպետական կրթաթոշակային ծրագրերի,  այնպես էլ վճարովի ուսուցման հիմունքներով:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Թուրքմենստանում կրթական բարեփոխումներ իրականացնելիս օգտվել են Հայաստանի` 12-ամյա կրթության անցնելու փորձից, որի առնչությամբ դեսպանը հայտնել է իր շնորհակալությունը: Դեսպանը նաև նախարարին դիմել է առաջարկով, որպեսզի թուրքմեն մասնագետները վերապատրաստում անցնեն հայաստանյան բուհերում, մասնավորապես, օտար լեզուների դասավանդման և ՏՏ ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։