Էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին. Աշոտյան

2015-09-15

Էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին: Այս մասին, սեպտեմբերի 14-ին, հայտարարել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում ԵՀ գիտության, հետազոտությունների եւ նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի հետ հանդիպման ժամանակ: Ողջույնի խոսքում եվրահանձնակատարն առանձնահատուկ նշեց հայ գիտնականների եւ գիտական կենտրոնների պատմության եւ թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում:
 Լինելով պորտուգալացի Կարլոս Մոեդասը հիշեց պորտուգալահայ գործարար եւ բարերար Գալուստ Գյուլբենկյանին, ով մեծ ներդրումներ է ունեցել Պորտուգալիայի գիտության զարգացման գործում:
Պատասխան խոսում Արմեն Աշտոյանը ներկայացրեց Հայաստանում կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտության, հետազոտությունների եւ նորարարության ոլորտում զարգացման հիմնական ուղղությունները, առկա հնարավորությունները, հիմնական մարտահրավերները: Նախարարը մեծապես կարեւորեց հայաստանյան գիտական հանրույթի լիարժեք ինտեգրումը համաշխարհային գիտական հանրույթին: Այս առումով, ըստ նախարարի, էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին: «Այն Հայաստանի գիտության առջեւ կբացի նոր հեռանկարներ եւ հնարավորություն կտա հայկական գիտական ներուժին դրսեւորելու իր բոլոր կարողությունները», - ասաց Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության, եվրոպական տարբեր քաղաքներում գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցություն եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։