Մեր նպատակն է՝ հանրությանն ապահովել ճշգրիտ տեղեկատվությամբ. Ա. Աշոտյան

2015-09-11

Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում այսօր մեկնարկել է  «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկի լուսաբանմանը նվիրված երկօրյա համաժողովը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինիս խոսքով՝ համաժողովի նպատակն է վարկային ծրագրի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը ոչ միայն ֆինանսական, այլև բովանդակային տեսակետից: 
«Մեր նպատակներից առաջինն է, որպեսզի  հանությունը տեղեկացված լինի՝ ինչպես են ծախսվել վարկային ծրագրի գումարները: Երկրորդը՝ աջակցել լրատվական դաշտին՝ իրականացնել կրթության և գիտության ոլորտի առավել արհեստավարժ և նպատակային լուսաբանում,  քանի որ կրթության ոլորտն ամենասոցիալիզացված ոլորտներից է, և հանրությանը ճշգրիտ և պրոֆեսիոնալ տեղեկատվություն հաղորդելու խնդիր է առաջանում:  Երրորդ՝  համաժողովը հնարավորություն է հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ՝ վերջիններիցս տեղում ստանալու իրենց բոլոր հարցերի պատասխանները: ԿԳՆ-ն չի պատկերացնում իր աշխատանքը՝ առանց ԶԼՄ-ների հետ փոխշահավետ համագործակցության: Մեր նպատական է՝ հանրությանն ապահովել ճշգրիտ տեղեկատվությամբ, և այստեղ մեծ է նաև լրագրողների դերը՝  հասարակության շրջանում եղած խնդիրների մասին ահազանգել նախարարություն»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով վարկային ծրագրի բովանդակությանը և խնդիրներին: Արմեն Աշոտյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկից անցել է վեց տարի, որի ընթացքում ծրագրի բաղադրիչները հընթացս փոխվել են՝ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին: «Ծրագիրն իրականացվել է բացարձակ թափանցիկության և արյունավետության պայմաններում: Ավելին, գնումների գործընթացում առաջ են եկել  բազմաթիվ խնայողություններ: Ավագ դպրոցների գույքի համալրման գործընթացից առաջացած խնայողության արդյունքում միայն քսան տոկոսով ընդլայնվել է ծրագրում ներառված  դպրոցների ցանկը»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև ծրագրի հիմնական ուղղություններին: «Առաջին կարևոր բաղադրիչը  ՀՀ բոլոր մարզերում նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումն է: Նախադպրոցական կրթությունն ամենաթույլ օղակն է եղել անկախության տարիների ընթացքում. համայնքների 2/3-ում բացակայել է որևէ նախադպրոցական հաստատություն: Ծրագրի արդյունքում ՀՀ բոլոր մարզերում բացվել է 280 նախակրթարան, որտեղ հաճախում է շուրջ 20000 երեխա: Կարելի է վստահաբար ասել, որ սա ամենարդյունավետ ծրագրերից մեկն է,  և կարևոր է, որ ապահովվել է նաև ծրագրի շարունակականության հարցը:  Այսինքն՝ արդեն հիմնված նախակրթարանները պետբյուջեից կշարունակեն աջակցություն ստանալ՝  նաև ծրագրի ավարտից հետո: Երկրորդ կարևոր բաղադրիչն ավագ դպրոցների զարգացումն է:  Ծրագրի շրջանակում բոլոր ավագ դպրոցները համալրվել են ժամանակակից ուսումնական գրականությամբ, լաբորատորիաներով, գրադարաններով, վերապատրաստվել են ուսուցիչներ: Հետևելով վիճակագրությանը՝ երևում է, որ հաճախ մարզերի ավագ դպրոցներն իրենց արդյունավետությամբ գերազանցում են մայրաքաղաքի դպրոցներին: Իհարկե,  կան բազմաթիվ  չլուծված խնդիրներ՝ հատկապես կապված 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի հետ, սակայն վստահեցնում եմ, որ ծրագիրն անշեղորեն շարունակելու ենք»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ծրագրի երրորդ կարևոր բաղադրիչը բուհական համակարգում  հավատարմագրման ինստիտուտի ստեղծումն է և զարգացումը: «Ծրագրի շրջանակում ՈԱԱԿ-ը համալրվել է համապատասխան ռեսուրսներով, ինչպես նաև բուհերում ներմուծվել է որակի ապահովման մշակույթը: Որոշ բուհեր արդեն անցել են ազգային հավատարմագրում, իսկ որոշները նաև՝ եվրոպական հավատարմագրում: Չորրորդ կարևոր բաղադրիչը նորարարության մրցակցային հիմնադրամի շրջանակում ՀՀ 10 բուհերում ժամանակակից տեխնոլոգիական ծրագրերի իրականացումն է: Այս բաղադրիչի արդյունավետությանն է անդրադարձել նաև Համաշխարհային բանկի տնօրենը՝ ՀՀ փորձը մատնանշելով որպես օրինակելի»,-նշել է նախարարը: Արմեն Աշոտյանն իր բացման խոսքի եզրափակիչ մասում անդրադարձել է դպրոցի նկարագրին: « Հանրակրթության  ոլորտում մեր տեսլականն է՝ առաջինը. պահել ազգային դպրոցի ավանդույթները և ստեղծել ազգային բովանդակությամբ դպրոց: Երկրորդը. պահպանել խորհրդային դպրոցի այն ավանդույթները, որոնք դեռ կարող են պիտանի լինել, մասնավորապես, գիտելիքի  և մանկավարժի արժևորումը, բնագիտական առարկաների կարևորությունը և այլն: Եվ երրորդ՝ կրթական համակարգը պիտի լինի նաև ժամանակակից: Այսինքն՝ ազգային, միաժամանակ ժամանակակից դպրոց՝ սա է մեր տեսլականը»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Նախարարի ելույթից հետո լրագրողները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են նախադպրոցական հաստատությունների, ավագ դպրոցների կայացման, կրթության ոլորտում մի շարք երկրների հետ համագործակցության խնդիրներին և այլն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։