Հայաստան-Հորդանան. հուշագրի ստորագրում
2015-06-30
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը՝ ի դեմս Հորդանանի կառավարության, ձգտելով զարգացնել երկկողմանի համագործակցությունը և ամրապնդել երկու երկրների միջև բարեկամական կապերը՝ կնքել են փոխանակման ծրագիր` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2015-2020թթ. համար»:
Ըստ ծրագրի` կողմերը կզարգացնեն և կամրապնդեն կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ համաձայն երկու երկրներում գործող օրենսդրության: Կողմերը կաջակցեն երկու երկրների համալսարանների և գիտական ու հետազոտական կազմակերպությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, տարեկան մինչև 25 կրթաթոշակ կտրամադրեն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետաշինարարության, հնագիտության, լեզվաբանության, բժշկության (ներառյալ մագիստրատուրան) ոլորտներում` բակալավրիատի և մագիստրատուրայի ամբողջ կիսամյակի և մեկ տարի արաբերենի ու իսլամագիտության և համապատասխան վերապատրաստման դասընթացների համար, որոնց, անհրաժեշտության դեպքում, կնախորդեն լեզվի դասընթացները: Ընդունող Կողմը կրթաթոշակ ստացած անձանց կապահովի ուսման վարձից ազատում, ամսական հատկացում՝ համաձայն ընդունող երկրի գործող օրենսդրության, ուսանողական հանրակացարանում կացություն՝ համաձայն ընդունող երկրի գործող օրենսդրության, մուտք գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, և այլն: Դեպի Ընդունող Կողմի մայրաքաղաք և մայրաքաղաքից հետադարձ ճանապարհորդական ծախսերը կհոգա թեկնածուն: Փոխադարձ կապերը ամրապնդելու, փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ կողմերը կկազմակերպեն փորձագետների խմբի տարեկան փոխանակում:
Հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրան: