Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում

2015-07-01


Հուլիսի 1-ին Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում մեկնարկում է  Հայաստանում Սփյուռքահայ ուսուցիչների 2015թ. վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որին մասնակցում են 63 ուսուցիչներ՝ 15 երկրներից: Այս տարի նախատեսված է վերապատրաստում՝ վեց ուսումնական խմբերում. մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, հայոց պատմության և հայրենագիտության, լրացուցիչ կրթության կազմակերպման:

Հայոց լեզվի և գրականության դասավանդման խումբը վերաձևավորվել է երկու տարվա ընդմիջումից հետո,  այն այս տարի ամենամեծն է /  մասնակցության հայտ է ներկայացրել 16 մասնագետ/: Հայոց պատմության և հայրենագիտության խումբը ձևավորվում է առաջին անգամ /խմբում գրանցվել են 6 հոգի/. նախկինում պատմության և հայրենագիտության բաղադրիչը ներառված է եղել այլ ծրագրերում: 
Սփյուռքահայ ուսուցիչների 2015թ. վերապատրաստման ուսումնական ծրագրով նախատեսված են  լսարանային և պրակտիկ պարապմունքներ, ինչպես նաև  վարպետաց դասեր՝ բոլոր խմբերի ուսուցիչների համար: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է երկօրյա մանկավարժական գիտագործնական կոնֆերանս, որը այս տարվա վերապատրաստման ծրագրի նորությունն  է: Կոնֆերանսի նպատակն է փորձի առավել արդյունավետ փոխանակում կազմակերպել տարբեր երկրների հայ ուսուցիչների միջև, ներկայացնել մանկավարժության ոլորտի մեթոդական նորարարությունները:
Կոնֆերանսին մասնակցելու համար արդեն գրանցվել են Սփյուռքի և Հայաստանի շուրջ 20 մասնագետներ: Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվում են ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր: Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև  այցելություններ  թանգարաններ և պատմաճարտարապետական հուշարձաններ: Սփյուռքահայ ուսուցիչների  վերապատրաստման ծրագիրը գործում է 2000 թվականից:  Սկսած 2002 թվականից այն ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից : 2015 թ. ծրագրին մասնակցում են ուսուցիչներ Աբխազիայից ՝ 1,  ԱՄՆ-ից՝ 11,  Բելառուսից՝ 2, Բրազիլիայից՝ 1, Էստոնիայից ՝ 2, Թուրքիայից ՝ 2, Իրանից՝ 6, Լիբանանից՝ 3, Կանադայից՝ 1, Շվեդիայից՝ 1, Շվեյցարիայից՝ 1,  ՌԴ-ից՝ 10, Սիրիայից՝ 14, Վրաստանից՝ 7  և  Ուկրաինայից՝ 1: ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։