Շուշիում բացվել է Ագրարային համալսարանի մասնաճյուղի նոր համալիրը և Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը

2015-09-02

Այսօր ԼՂՀ Շուշի քաղաքում բացվել է  Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի նորակառույց համալիրը: Պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Մասնաճյուղը հիմնադրվել է ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների որոշումներով 2008թ. օգոստոսին՝ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի եւ Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջի բազաների հիման վրա:
Այն սկսել է գործել 2009 թ. փետրվարից՝ Ստեփանակերտում: Հիմնադրման պահին մասնաճյուղն ուներ 860 սան՝ երկու (բակալավրային եւ միջին մասնագիտական) կրթական համակարգերում, դասավանդում էր 80 դասախոս: Պատասխանատուների հավաստմամբ, այսօր մասնաճյուղն ունի շուրջ 1500 սան, դասավանդում է 100-ից ավելի դասախոս: Անցած 6 տարիների ընթացքում մասնաճյուղը տվել է 1690 շրջանավարտ` 573 բակալավր, 138 մագիստրոս եւ 980 միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ:

Շուշիում հայկական երկու հանրապետությունների նախագահներն այնուհետեւ այցելել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ քաղաքում կառուցված՝ Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարան: 225 ուսանողի համար կառուցված եռահարկ ուսումնական կենտրոնը, որ զբաղեցնում է շուրջ 4050քմ մակերես, ունի հանրակրթական առարկաների եւ արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները, այդ թվում՝ կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։