Կրթական նախաձեռնություններով ամրապնդվում է Հայաստանի տեղը Եվրոպայի քարտեզի վրա. ՄԲ դեսպան
2015-08-31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ կրթության և գիտության ոլորտում արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի աջակցության համար: Արմեն Աշոտյանի խոսքով՝ Բրիտանական խորհուրդը համարվում է ԿԳՆ հուսալի գործընկերներից մեկը, որը թիրախային ծրագրեր է իրականացնում կրթության ոլորտում, մասնավորապես, լայն աջակցություն է ցուցաբերում ուսուցիչների՝ անգլերենի դասավանդման կատարելագործման, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի շրջանակում գիտական աստիճանաշնորհման չափորոշիչների մշակման աշխատանքներին:
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Լոնդոնում կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին հայկական պատվիրակության աջակցության համար՝ ընդգծելով, որ նմանատիպ համաժողովները լավագույն հարթակներն են կրթական նորամուծությունների ներկայացման և գործընկերների հետ ակտիվ կապեր ստեղծելու տեսանկյունից:
Դեսպանը Քեթրին Լիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրապես հաջող համագործակցության օրինակ են Երևանում Բրիտանական բիզնես դպրոցի գործունեությունը և Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որը մշակվել է` իբրև արարատյան բակալավրիատի միջազգային չափանիշներով պլատֆորմ ստեղծելու հենք՝ Լոնդոնի կրթության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի համագործակցությամբ: Նա նաև գոհունակությամբ նշել է, որ բացի TOEFEL-ից, իբրև անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, այսուհետ կընդունվի նաև Բրիտանական խորհրդի կողմից տրվող IELTS-ի հավաստագիրը: Դեպանը նաև բարձր է գնահատել Երևանում անցկացված Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի աշխատանքները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Բրիտանական խորհրդի նոր նախաձեռնության՝ ուսուցիչների վերապատրաստման նոր ծրագրի մանրամասներին: