Կրթության մշակների օրհնության կարգ Սուրբ Էջմիածնում

2015-08-31

Կրթության ոլորտի ներկայացուցիչները` հանրակրթական դպրոցների ուսուցիչները և տնօրենները, ուսումնարանների և քոլեջների ղեկավարները, բուհերի ռեկտորները, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, ուսումնական տարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ստացել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Արդեն վեցերորդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է` սերունդներ կրթող մասնագետներին փոխանցել օրհնություն, որպեսզի նրանք ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով կատարեն իրենց աշխատանքը:

Օրհնության կարգից հետո Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Գիտելիքի օրվա և 2015--2016 ուսումնական տարվա մեկնարկի առիթով մենք մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք հղում կրթության ոլորտի մշակներին, որպեսզի մեր զավակներն իրենց խնամքի ու հոգատարության ներքո, իրենց կրթության ու դաստիարակության շնորհիվ աճեն, հասակ առնեն` որպես արժանավոր քաղաքացիներ մեր երկրի ու արժանավոր հավատացյալներ մեր եկեղեցու»: Վեհափառը նշել է, որ մանկավարժի անձը լավագույն օրինակն է աշակերտի և ուսանողի համար` հույս հայտնելով, որ աշակերտների արդյունքներն ուսումնական տարվա ավարտին կլինեն արգասաբեր: «Մայր Աթոռից գոտեպնդված` կրթության մշակները վերադառնում են նախանձախնդրության, պատասխանատվության բարձր զգացումով` անցկանցնելու իրենց աշխատանքը կրթության հաստատություններից ներս: Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը պտղաբեր ու արդյունավետ դարձնի նրանց ջանքերը: Մեր զավակներն էլ հասակ առնեն` գիտելիքներով հարուստ և ազգային ու հոգևոր հարուստ նկարագրով` իրենց արժեքների նկատմամբ ունենալով սեր ու նախանձախնդրություն»,-ընդգծել է Վահափառը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում նշել է. «Այս ճշգրիտ և հաշվարկների ու շահերի վրա հիմնված դարաշրջանում առաջին հայացքից գուցե ոմանց համար իռացիոնալ թվա մեր այս մշտական կապը և աշխատանքը Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ: Ակնհայտ է, որ այսօրվա հայկական դպրոցը ժառանգորդն է հայկական եկեղեցու կրթական առաքելության, որ իրականացվել է դարեր շարունակ առանց պետականության` սփռելով հայ գրի ու գրականության, գիտության լույսը, փոխանցելով արժեքներ մեր մանուկներին և' վանական համալիրներում, և' այլուր, որտեղ քարոզում և աշխատում էին մեր սուրբ հայրերը: Այսօրվա Հայաստանի Հանրապետության ազգային դպրոցն իր մեջ կրում է նաև այդ լույսը: Ակնհայտ է նաև, որ այսօրվա դպրոցի, անգամ ամենաաշխարհիկ դպրոցի կարևոր առաքելություններից մեկը, բացի գիտելիք հաղորդելուց, նաև արժեքների ձևավորման առաքելությունն է, դաստիարակության առաքելությունը, ինչն անհնար է պատկերացնել առանց Հայաստանյաց Առաքելական եկեղեցու մասնակցության ու դերակատարության, որի բացառիկ պատմական և արդիական  դերակատարությունն է` նպաստել ազգային ինքնության և մշակույթի զարգացմանը: Մենք եկեղեցու կրթական առաքելության շարունակությունն ենք այսօր և եկեղեցու բարոյագիտական շտեմարանի դրսևորման համար այն հարթակը, որտեղ կրթվում են մեր երիտասարդները»,- նշել է նախարարը և հավելել. «Խղճի ազատության այսօրվա դարում մենք ձևավորում ենք ազգային ինքնության արժեհամակարգ և կարծում եմ, որ պատմությունն է տվել լավագույն պատասխանը` եկեղեցու և կրթության փոխհարաբերությունների: Մենք հպարտանում ենք մեր միջնադարյան համալսարաններով` երբեմն մոռանալով, որ դրանք վանական համալսարաններ էին: Մենք հպարտանում ենք մեր առաջին հայկական դպրոցով Ամարասում` երբեմն մոռանալով, որ այն Ամարասի վանական համալիրի մեջ էր, մենք հպարտանում ենք Մեսրոպ Մաշտոցով, ով նա նաև հոգևոր հայր էր և Սուրբ: Այնքան օրգանական է կապը այսօրվա և պատմության մեջ, արմատներով և ակունքներով, որ պարզապես սին են բոլոր ջանքերը` փորձել մեղադրել մեզ աշխարհիկ սկզբունքների խեղաթյուրման մեջ: Մեր համագործակցությունը հոգևորի նպատակ է հետապնդում և մեր համագործակցությունը ազգային  և բարոյական է նախևառաջ»,-նշել է Արմեն Աշոտյանը` ամփոփելով. «Վերջին տասնօրյակը մեր երկրում դրոշմված է ուսումնական տարվա նախապատրաստության աշխատանքներով. մենք կատարել ենք մեր բոլոր աշխարհիկ գործերը և այսօր կարծում եմ` կարող ենք նաև հոգևոր պսակը կրել համակարգի վրա և շատ խորհրդանշական է նաև, որ երկրի աշխարհիկ առաջնորդը`  հանրապետության Նախագահը, ընդունեց հանրապետության լավագույն աշակերտներին և պարգևատրեց, իսկ երկրի և ազգի հոգևոր առաջնորդն այսօր իր օրհնության խոսքը հղեց մեր համակարգի բոլոր աշխատակիցներին: Կարծում եմ` բավականաչափ գոտեպնդված ենք, և  գալիք տարվա բոլոր խնդիրները և մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու ենք»: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։