Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնի բացում
2015-07-06
Ագրոպարենային ոլորտի կրթության զարգացման նպատակով Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աջակցությամբ 2013թ. սեպտեմբերի 5-ին «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի միջև կնքվել է դրամաշնորհային պայմանագիր՝ Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնի (ԱՀՈԻԱԿ) հիմնադրման վերաբերյալ : Ծրագրի արժեքը կազմել է 68 մլն դրամ (ավելի քան 10 տոկոսը ՀԱԱՀ-ի, իսկ մյուս մասը ԾԻԳ-ի ֆինանսավորումն է):
Կենտրոնի առաքելությունն է տարածաշրջանում իրականացնել ագրոպարենային համակարգի կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ, կազմակերպել դասընթացներ գյուղատնտեսության վարման, տեխնիկայի շահագործման, կենսաէներգետիկայի խորհրդատվական և տեղեկատվական ուղղություններով, ինչպես նաև ագրոպարենային ոլորտում իրականացնել մասնագիտական կրթություն, որի արդյունքում կպատրաստվեն այսօր մեծ պահանջարկ ունեցող բանվորական մասնագետներ:
Կենտրոնը նպատակ ունի ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ներմուծման ճանապարհով վերազինել համալսարանի, նրա մասնաճյուղերի և քոլեջների նյութատեխնիկական բազան:
Կենտրոնի գործունեության լուսաբանման և ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար ստեղծվել է ուսուցողական-տեղեկատվական կայքէջ՝ www.ticas.anau.am, որտեղ ներկայացված է ընդհանուր ծրագիրը, կենտրոնի ստեղծման պատմությունը, գործունեությունը, ամբողջական տեղեկատվություն կենտրոնի տեխնիկական միջոցների մասին (մեդիա նյութեր և մեթոդական ցուցումներ), ինչպես նաև կայքում գործում է անհատական խորհրդատվության՝ առցանց հարց ու պատասխանի համակարգը: