Նախագահը հյուրընկալել է բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաներում հաջողությունների հասաÕ

2015-08-27

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2014-2015 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2015թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում  և հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթող աշակերտներին:
Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության Նախագահի կողմից նվերներ: Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին իր նստավայրում, շնորհավորել և շնորհակալություն հայտնել նրանց՝ խրախուսանքի արժանի հաղթանակների համար, որոնցով, ըստ Նախագահի, կարելի է անչափ հպարտանալ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ընթացիկ ուսումնական տարում մեր դպրոցականների ցուցաբերած արդյունքների մասին. «Անկեղծորեն խոստովանում եմ ձեզ, որ եթե առարկայական օլիմպիադաներում մենք նույնիսկ մեդալներ չշահեինք, մենք էլի պետք է բավարարված լինեինք, որ մեր աշակերտները մասնակցում են այդ օլիմպիադաներին, բայց արդյունքները, իրոք, փառահեղ են. մեր աշակերտներն այդ օլիմպիադաներից վերադարձել են 20 մեդալով՝ 5 արծաթե և 15 բրոնզե: Ես չեմ ուզում համեմատել մեր հեռու, մոտիկ հարևանների ցուցանիշները մեր երեխաների ցուցանիշների հետ: Ես դա անում էի նախկինում, բայց հիմա հաստատապես համոզվել եմ, որ մենք որևէ մեկին չենք զիջում, ավելի ճիշտ, եթե զիջում ենք՝ զիջում ենք միայն թվաքանակի առումով, իսկ գիտելիքի, ուսումնառության, աշխատասիրության բնագավառում, բացարձակապես չենք զիջում և չենք էլ զիջելու: Իհարկե, շատ ուրախալի է, որ այս արդյունքները կայուն են, և որևէ մեկը չի կարող ասել, որ պատահականության արդյունք են: Հայաստանի Հանրապետության աշակերտները առարկայական օլիմպիադաներին մասնակցում են 1993թ-ից, և գրեթե ամեն տարի մենք առաջընթաց ենք ունեցել: Բայց վերջին չորս տարիների արդյունքները, իրոք, գալիս են հաստատելու, որ այստեղ միանշանակ կայունություն գոյություն ունի, և որ այդ արդյունքները պատահականություն չեն, այլ դժվարին, բայց անհրաժեշտ բարեփոխումների ու նաև, անշուշտ, մեր ուսուցիչների, մեր ծնողների աշխատանքի բարելավման արդյունք են: Այստեղ կասկած լինել չի կարող:

Ուզում եմ շատ կարճ հայտարարություն անել և ասել, որ այսօր ես հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ Արմեն Աշոտյանին և ՀՀ Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանին, որպեսզի նրանք միասին հայեցակարգ մշակեն, որն ուղղված կլինի դպրոցական օլիմպիական շարժման հետագա զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Կարծում եմ, որ այսօր մենք արդեն հասել ենք այդ հանգրվանին:

Անշուշտ, ուրախալի է, որ այս տարի ավելացել է հանրակրթական դպրոցները ոսկե մեդալով ավարտածների թիվը, և շատ լավ է, որ գնալով այդ թիվն ավելանում է նաև մեր մարզերում սովորող աշակերտների շնորհիվ: Կամաց-կամաց Երևանի գերիշխանությունը զիջում է իր տեղը: Սա նշանակում է, որ մեր մարզերում գտնվող դպրոցներում ևս կան լավ մասնագետներ, որ մեր մարզերի բնակչությունը ևս շատ կարևորում և գնահատում է մեր աշակերտների գիտելիք ձեռք բերելու անհրաժեշտությունը: Իհարկե, «Կենգուրու»-ին և «Մեղու»-ին մասնակցողների թիվն էլ որոշակի ավելացել է, բայց, քանի որ այստեղ մենք գրեթե հասել ենք այն մակարդակին, որ բոլորն են մասնակցում, թվի մասին խոսք լինել չի կարող: Ուրախ եմ, որ մրցանակակիրները բավականաչափ շատ են:

ՍիրելիÕ› աշակերտներ, սիրելիÕ› երիտասարդներ, սիրելիÕ› երեխաներ, դուք վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի խնայելու, որպեսզի դուք գիտելիք ստանաք, որպեսզի կատարելագործեք, ավելացնեք ձեր պաշարը և դառնաք լավ մասնագետներ, Հայաստանի Հանրապետությունը շատ լավ քաղաքացիներ, լավ մարդիկ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։