Ա. Աշոտյան. «Մեզ հաջողվել է կյանքի կոչել կրթության ոլորտի գերակայությունները»
2015-08-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Կոտայքի մարզի մանկավարժներին է ներկայացրել պետական կրթական քաղաքականության գերակայությունները և գալիք ուսումնական տարվա հիմնական նախաձեռնությունները: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է պարտադիր 12-ամյա կրթության և համընդհանուր ներառականության անցման, ուսումնական ծրագրերի և դասագրքերի վերանայման, դպրոցներին նոր աշակերտական կահույքով և համակարգչային տեխնիկայով ապահովման խնդիրներին: Արմեն Աշոտյանն ընդգծել է բարեփոխումների հարցում մարզպետարանների հետ համատեղ միասնական կրթական քաղաքականության իրականացման կարևորությունը: Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դասագրքերի փորձաքննության, ուսուցիչների թափուր տեղերի հարցաշարերում մեթոդամանկավարժական և մասնագիտական հարցերի ներառման, ուսուցիչների վերապատրաստման, դպրոցներում երրորդ օտար լեզվի, ուսուցիչների՝ սոցապահովության փաթեթում ներգրավվածության, հարցաշարերի վերանայման և այլ խնդիրների:
Լրագողների հետ զրույցում ամփոփելով ՀՀ երեք մարզեր կատարած այցերը՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ գալիք ուսումնական տարվա նախաշեմին, երբ ամփոփվում է նախորդ ուստարին, պետք է արձանագրել, որ այն հաջողված է. «Բոլոր առկա խնդիրներով հանդերձ՝ մեզ հաջողվել է կյանքի կոչել կրթության ոլորտի գերակայությունները, իրականացնել բոլոր ծրագրերը, որոնց մասին խոսել ենք անցյալ տարի: Գալիք ուսումնական տարվա նախաշեմին պետք է արձանագրել, որ որոշ հին խնդիրներ պահպանվել են, բայց կան նոր նախաձեռնություններ: Այն երեք մարզերը, որոնք ես այցելել եմ, հիմնականում պատրաստ են ընդունել աշակերտներին, դասագրքերը ժամանակին կտրամադրվեն, ավագ դպրոցներին և խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին կտրվեն նոր աշակերտական գույք և համակարգչային տեխնիկա: Այս երեք մարզերում էլ կա նախադպրոցական կրթության կազմակերպման խնդիր, ուստի նախարարությունը կօգնի այդ մարզերում հիմնել նախակրթարաններ, որտեղ ավելի մեծ թվով երեխաներ կարող են կրթություն ստանալ: Այսինքն, մեր բոլոր նախաձեռնությունները միտված են դեպի երեխան, որի պայծառ ապագայի համար պետք է տալ որակյալ կրթություն: Ըստ այդմ՝ բոլոր կրթական նախաձեռնությունների տակ ընկած է ևÕ› մեր կողմից խնդիրների գիտակցումը, և լավագույն միջազգային փորձը, որը ցանկանում ենք տեղայնացնել, ազգայնացնել»,- շեշտել է նախարարը: Նշենք, որ հանրապետության մյուս մարզերում ևս ընթանում են օգոստոսյան խորհրդակցություններ, որոնք անցկացնում են կրթության ոլորտի մյուս պատասխանատուները: