ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՀՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱՈՃԻ ԵՎ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾԸ
2015-09-08
«ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» առաջին՝ «Բոլոնյան գործընթացի ընդհանուր գնահատականներ» հատվածը ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ Բոլոնյան գործընթացի մասին ուսանողների ընդհանուր տեղեկացվածության, ուսման որակի անուղղակի գնահատականների, ուսանողների՝ օտար լեզվի և համակարգչային գիտելիքների իմացության, ինչպես նաև ուսանող և ՀՀ ԿԳՆ համագործակցության մասին:
Ստորև ներկայացված է զանգվածային հետազոտության արդյունքներից մի հատված՝
Ուսանողների ընդհանուր տեղեկացվածությունը Բոլոնյան գործընթացից
•«Լավատեղյակ են» բոլոնյան գործընթացից կամ «բավարար չափով գիտեն, թե դա ինչ է» ուսանողների 41.2%-ը, այն դեպքում, երբ 2013թ.-ին այդպիսիք էին՝ 32.2%-ը:
•Տեղեկացվածությունը կրեդիտային համակարգի վերաբերյալ ըստ էության չի փոխվել. 2015թ. «լավատեղյակ» էին կամ «բավարար չափով գիտեն, թե դա ինչ է» ուսանողների 72.8%-ը (2013թ.` 73.8%):
Ուսման որակի անուղղակի գնահատականներ
•Ուսանողների 69.3%-ը գերադասում է, որպեսզի դասախոսը թելադրի կամ թելադրի ու պատմի դասախոսությունը:
•Ուսանողների 51.3%-ի համար մասնագիտական առարկաների տեղեկությունների ամենակարևոր աղբյուրներն են դասախոսությունների սեփական կամ ամբիոնում հրատարակված կոնսպեկտները: Մասնագիտական դասագրքերն ու մասնագիտական այլ գրականությունը տեղեկությունների հիմնական աղբյուր է ուսանողների 48.7%-ի համար:
•Ուսանողների 77.1%-ը հաղորդել է, որ մասնագիտական առարկաների կոնսպեկտները լիովին բավարար են այդ առարկաների քննությունները բարեհաջող հանձնելու համար:
Օտար լեզվի իմացություն
•Որևէ օտար լեզվի իմացության միջազգային սերտիֆիկատ ունեն ուսանողների 4.7%-ը, 2013թ.-ին նրանց քանակը 2.0% էր:
•Իրենց ինքնագնահատականներով ռուսաց լեզվին «գերազանց» կամ «լավ» տիրապետում են ուսանողների 65.7%-ը (2013թ.-ին 61.4%-ը):
•Իրենց ինքնագնահատականներով անգլերեն լեզվին «գերազանց» կամ «լավ» տիրապետում են ուսանողների 42.0%-ը (2013թ.-ին 39.7%-ը):
Ուսանողների ինտերնետային հաղորդակցության ունակություններ
•Ինտերնետով իրենց անհրաժեշտ տեղեկությունները փնտրելու ունակությունները գնահատել են «գերազանց» կամ «լավ» ուսանողների 93.3%-ը:
Ուսանողների շփման ինտենսիվությունն ու բնույթը ՀՀ ԿԳՆ հետ
•2015թ.-ին ուսանոնղերի 8.9%-ն անձամբ հանդիպել է ԿԳՆ ներկայացուցչի հետ (2013թ.-ին՝ 0.8%-ը), գրել է նամակ կամ դիմում՝ 3.0%-ը (2013թ.-ին 1.7%), գրել է ինտերնետային նամակ՝ 4.1%ը (2013թ.-ին՝ 0.1%), մասնակցել է որևէ միջոցառման, որին մասնակցել է ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչը՝ 34.7%-ը (2013թ.-ին՝ 0.5%):
•ՀՀ ԿԳՆ ներկայացուցչի հետ անձնական շփում ունեցածների 94.8%-ը նշել է, որ «ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչն իր հետ հարգանքով է խոսել», 76.8%-ը նշել է, որ նա կարողացել է իր ողջ ասելիքը հայտնել և հարցերը տալ ՀՀ ԿԳՆ ներկայացուցչին, 81.5%-ը հայտնել է, որ ԿԳՆ ներկայացուցիչն ըստ էության պատասխանել է իր հարցերին, 63.8%-ը հայտնել է, որ հարցը լուծվել է այնպես, ինչպես ինքն ակնկալել է:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվերով՝ IPSC ընկերության կողմից, 2015թ.-ի մայիսի-հունիս ամիսներին:
Իրականացվել է կոմպլեքսային սոցիոլոգիական հետազոտություն, այդ թվում՝ զանգվածային հետազոտություն (հետազոտության ընդհանուր համակցությունն էր՝ Երևանի պետական համալսարանների առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, հարցվել է 1,221 ուսանող), փորձագիտական հարցազրույցներ կրթության ոլորտի փորձագետների հետ (20 հարցազրույց), ֆոկուս խմբային հետազոտություններ ուսանողների շրջանում (6 ֆոկուս խումբ):