Հայաստանի 5 ավագ դպրոցներում դասավանդվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները

2015-09-09


ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հաստատել է ՏՀՏ ոլորտի մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և մասնագիտական կրթության ծրագրերը: Այդ ծրագիրը, որ փորձարարական է և իրականացվում է 5 ավագ դպրոցներում, միտված է երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը:
ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների ջանքերով՝ նախարարության և նշված կազմակերպությունների միջև ս.թ. մարտի 30-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: 
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կայացած համատեղ ասուլիսի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն ու Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը ներկայացրեցին ծրագրի իրականացման ընթացքն ու նախնական արդյունքները: 
Այսպես, մինչև 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ մշակվել են «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչներն ու ծրագիրը, ինչպես նաև իրականացվել է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը: Բացի վերը նշվածը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսել է հատկացնել շուրջ 70 միլիոն դրամ: 
Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր ներդրումն է ունեցել «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև իրականացրել է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: 
Յունիքոմփ ընկերությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև՝ անցկացրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ապահովման և առանձին համակարգչային ցանցերի ստեղծման աշխատանքները գտնվում են իրականացման փուլում:
Ավագ դպրոցում ՏՀՏ ոլորտի առարկաներ դասավանդելու նպատակներն ու ծրագիրն արտացոլում են մի կողմից՝ Կրթության և գիտության նախարարության, մյուս կողմից՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներ ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների  պատրաստակամությունը՝ բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը՝ ներմուծելով ալորտի առաջատար ընկերությունների՝ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը: Համատեղ ծրագիրը հատուկ ուշադրություն է հատկացնում հայ երիտասարդների համար առավել լավ հնարավորությունների ստեղծմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության կամ միկրոէլետրոնիկայի ոլորտում ապագա մասնագիտական ընտրության համար:
Կրթական ծրագիրն իրականացվում է թվով 5 ուսումնական հաստատություններում՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։