«Ինչ, որտեղ, երբ» խաղի 2016թ.-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում

2015-08-11

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Հայաստանում ինտելեկտուալ խաղերի նվաճումներին և հեռանկարներին: Ասուլիսի հիմնական բանախոս, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ մեր երկրում ինտելեկտուալ շարժումը վերջին 10 տարիներին գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո: Վերջինիս խոսքով` համապատասխան բյուջետային  հատկացումներ և նպատակային աշխատանք է տարվում` ինտելեկտուալ շարժումը համատարած դարձնելու և պրոպագանդելու համար: 
«Մեզ հաջողվել է այս տարիներին պահպանել ինտելեկտուալ շարժումը Հայաստանում, քանի որ 2000-ականներին այն մարելու վտանգի առջև էր: Ներկայումս շարժումն ունի հստակ ձեռքբերումներ. այդ նպատակով պարբերաբար կազմակերպվում են դպրոցական և բուհական ինտելեկտուալ փառատոններ: Այսինքն, արվում է հնարավորը, որպեսզի զարգանա ինտելեկտուալների նոր սերունդ, հետաքրքրությունը  դեպի գիտելիքը երեխաների մոտ դառնա ավանդույթ, որը կստիպի նրանց ավելի լավ սովորել, շատ կարդալ, լինել բազմակողմանի զարգացած մարդ»,-նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև, որ ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել Գիտակների միջազգային ասոցիացիային` «Ինչ, որտեղ, երբ» խաղի հաջորդ տարվա Աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, որը բավարարվել է: «Սա իրավամբ ամենակարևոր միջոցառումն է միջազգային ինտելեկտուալ շարժման մեջ, որը պատիվ է բերում ցանկացած կազմակերպիչ երկրի` և քարոզչական, և քաղաքական, և տեղեկատվական հոսքերում հայտնվելու, և տվյալ երկրի կազմակերպչական ներուժը գնահատելու տեսանկյունից: Վստահ եմ, որ միջոցառումը,  որին կմասնակցեն տասնյակ թիմեր աշխարհի տարբեր երկրներից, կդառնա Հայաստանը լավագույնս ներկայացնելու ձևերից մեկը: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հայկական ինտելեկտուալ  շարժման ներուժը ճանաչելի է  միջազգային հանրության կողմից: Բացի այդ, այս միջոցառումը շատ կարևոր է լինելու նաև` մեր հասարակությունում գիտելիքի հանրայնացման և տարածման համար»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ  հաջորդ տարի ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվելիք «Ինչ, որտեղ, երբ» աշխարհի առաջնությունը կհյուրընկալի Ծաղկաձորը:
Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանն իր հերթին ընդգծել է, որ վերջին տարիներին, իրոք, հետևողական աշխատանք է տարվում` ինտելեկտուալ շարժման զարգացման համար, որի հետևանքով, ըստ բանախոսի, արձանագրվել են բավական լավ արդյունքներ նաև միջազային ասպարեզում:  «Հայկական հեռուստաընկերություններից մեկը հեռարձակում է «Ինչ, որտեղ, երբ» խաղը: Անցյալ տարի «Դիլիջանյան խաղեր» ինտելեկտուալ փառատոնը «Ինչ, որտեղ, Երբ» ակումբների միջազգային ասոցիացիայի կողմից ճանաչվել է որպես լավագույն մրցաշար: Անցյալ տարի  «Բրեյն ռինգի» աշխարհի առաջնությանը հայկական թիմերից մեկը դարձել է փոխչեմպիոն: ԿԳՆ-ի աջակցությամբ հեռարձակվում է  «Ամենախելացին» հեռուստախաղը: Բացի այդ, 15 տարվա ընդմիջումից հետո «Ինչ, որտեղ, երբ» խաղի մոսկովյան ակումբում հայտնվել է Հայաստանը ներկայացնող գիտակ, և առկա  է բավականին մեծ հնարավորություն, որ վերջիններիս թիվը կաճի»,-նշել է նա:
Ասուլիսին ներկա էր նաև Գիտակների հայկական ասոցիացիան ներկայացնող երևանյան «Նուիխ-Թելսել»  թիմի ավագ  Էդգար Մարկոսյանը, ում թիմը  հուլիսի 31-ից օգօստոսի 2-ը Բաթումում անցկացված Գիտակների ինտելեկտուալ խաղերի Սևծովյան Բաց Գավաթի 4-րդ առաջնության «Բրեյն ռինգ» մրցաշարում հաղթող է դարձել: Վերջինիս խոսքով` մրցաշարին մասնակցել է շուրջ 50 թիմ` աշխարհի տարբեր երկրներից: Հայկական հավաքականը մրցել է երկու վրացական, մեկ գերմանական թիմերի հետ` եզրափակչում հաղթելով ադրբեջանական հավաքականին: «Միջազգային ասպարեզում սա մեր առաջին հաղթանակն էր. հուսով եմ` ոչ վերջինը»,-նշել է Էդգար Մարկոսյանը:
Ասուլիսի ընթացքում լրագրողները մի շարք հարցեր են հղել բանախոսներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։