«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-200-Ն) նախատեսվող համընդհանուր ներառական կրթության անցման գործընթացների վերաբերյալ

2015-09-19


ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքը, որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Համաձայն օրենքի` ներառական կրթությունը  յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է:
•Կկիրառվի  երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական  մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: 
Մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը՝
1) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ, Երևան քաղաքում՝ առնվազն չորս հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվելու է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի։
Եթե տվյալ մարզում առկա չէ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, ապա մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կարող է վերակազմակերպվել կամ պատվիրակվել այնպիսի կազմակերպության, որում առկա են ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ պայմաններ:
•Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվեն ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվելու  է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից, համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի (ներկայումս մշակվում է ): 
•Մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի։   2015թ. փետրվարի 17-ի ՀՀ վարչապետի N108-Ա որոշմամբ հաստատվել է «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխությունններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-200-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցա¬ռում¬ների ցանկը», համաձայն որի, մինչև 2015 թվականի  նոյեմբերի 3-րդ տասնօրյակը ՀՀ կառավարություն պետք է ներկայացվի  «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողու¬թյուն¬ների պլանը և ժամանակացույցը հաստատելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 
Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։