Կրթության իրավունքի իրացումը` ԿԳՆ-ՄԻՊ համագործակցության առանցքում
2015-08-05
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների կրթության իրավունքի լիարժեք իրացման, ԲՈՀ-ի ընթացակարգերի և գիտական աստիճանաշնորհման կարգի, ինչպես նաև համընդհանուր ներառական կրթության անցնելու հետ կապված օրենսդրական որոշակի հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գիտական աշխատանքների փորձաքննության նոր կարգի մշակման, կրկնակի քննարկման, համապատասխան իրավական ակտերում որոշակի կարգավորումների հնարավորության, վարչարարական և բովանդակային հարցերում օրենսդրական հստակեցումների հետ կապված խնդիրներին: Այդ կապակցությամբ Արմեն Աշոտյանը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հետաքրքրող օրենսդրական նախաձեռնությունների նախագծերն ուղակել գրասենյակ` կարծիքի:
Հանդիպման ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ քաղաքացիների կրթության իրավունքի իրացման հարցերը պետք է իրականացվեն բոլոր իրավական ընթացակարգերին համապատասխան: