Գերմանիան` կրթության ոլորտում կարևոր գործընկեր

2015-08-04

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Նախարարը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, հույս հայտնելով, որ կրթության և գիտության ոլորտում լավագույն ավանդույթների վրա հիմնված հայ-գերմանական հարաբերությունները կնշանավորվեն նոր նախաձեռնություններով: 
Արմեն Աշոտյանի նշել է, որ կրթության ոլորտում Գերմանիան հանդիսանում է մեր երկրի կարևոր և խոշոր գործընկերը` ընդգծելով, որ այդ համագործակցությունը բազմաշերտ է: Նախարարը, մասնավորապես,  կարևորել է Հայաստանում գերմաներենի տարածման ծրագիրը, ինչպես նաև Գյոթեի ինստիտուտի լեզվական կենտրոնի բացումը` հույս հայտնելով, որ մեր երկրում կգործի նաև վերոնշյալ բուհի լիարժեք մասնաճյուղը: Արմեն Աշոտյանը նաև ընդգծել է միջդպրոցական կապերի, ինչպես նաև DAAD-ի միջոցով կրթական ծրագրերի ընդլայնումը: Նախարարն առանձնահատուկ կարևորել է Հալլե Վիտտենբերգի համալսարանում հայագիտության կենտրոնի հետագա կայուն գործունեությունը` ընդգծելով, որ ներկայումս կենտրոնի ֆինանսավորումը ստանձնել են Սաքսոնիա Անհալթ երկրամասի կառավարությունը և վերոնշյալ բուհը, որի համար նա իր շնորհակալությունն է հայտնել վերոնշյալ կառույցներին: Նախարարի խոսքով` հայ-գերմանական կապերի համար նոր հնարավորություն է  եվրոպական ծրագրերի շրջանակում համագործակցությունը, մասնավորապես, Էրազմուս+ և Հորիզոն 20/20 ծրագրերի շրջանակում:
Դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ հայ-գերմանական կապերի մեջ կրթության ոլորտում համագործակցությունը հիրավի հանդիսանում է հիմնասյուներից մեկը: Նա հատուկ ընդգծել է միջբուհական համագործակցության և փոխանակման ծրագրերի ընդլայնման հարցը, ինպես նաև հայագիտական կենտրոնի պահպանման խնդիրը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սաքսոնիա Անհալթ երկրամասի կրթության նախարարի` Հայաստան նախատեսվող այցի մանրամասները և համապատասխան հուշագրի ստորագրման հնարավորությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։