Հայաստանը կմասնակցի «Աշխարհի հմտություններ»-2015 միջազգային մրցույթին

2015-08-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Աշխարհի հմտություններ»-2015 միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամներին: «Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթը կկայանա օգոստոսի 11-16-ը` Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում: Նախարարը հետաքրքրվել է մրցույթի մասնակիցներից, թե վերջիններիս ինչպես են նախապատրաստվել մրցույթին և ինչ ակնկալիքներ ունեն: Նախարարը հույս է հայտնել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը կդառնա «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության լիարժեք անդամ, որը, ըստ Արմեն Աշոտյանի, ոլորտի միջազգայնացման առումով կարող է մեծ դեր խաղալ: 
Այս համատեսքստում նախարարը կարևորել է ներդրողների, տնտեսվարողների և միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավումը: Հանդիպման մասնակիցների հետ զրույցում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում վերջին տարիներին արձանագրված հաջողություններին` ընդգծելով, որ պետք է անել հնարավորը` դրանք պահպանելու և զարգացնելու համար: Արմեն Աշոտյանը նաև շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող GIZ կազմակերպության WS Armenia ծրագրի համակարգողին` թիմին աջակցելու և տրանսպորտային ծախսերը հոգալու համար:  Մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ շատ լավ են նախապատրաստվել մրցույթին և գնում են միմիայն հաղթանակի: Հանդիպման ավարտի Արմեն Աշոտյանը հաջողություն է մաղթել հայկական թիմի անդամներին:
Նշենք, որ ներկայումս «Աշխարհի հմտություններին» անդամակցում է 75 երկիր, որոնցից 62-ը մասնակցելու են մրցույթին, իսկ 59-ը` մրցելու: «Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթին Հայաստանի թիմը կներկայանա հետևյալ մասնագիտություններով՝ մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում և ոսկերչություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։