Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 14-ին

2015-07-09

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում  ընդգրկված  են  եղել   կառավարության որոշմամբ հատկացված   լրացուցիչ  և թափուր մնացած  պետպատվեր տեղերի վերաբաշխման հարցերը, ինչպես նաև ընթացիկ մի քանի այլ հարցեր:
Անդրադառնալով պետական պատվերով առկա թափուր և  լրացուցիչ տեղերի  բաշխմանը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը  ներկայացրել է հիմնական առաջնահերթությունները: Մասնավորապես նախապատվությունը տրվելու է միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում  հաղթական արդյունքներ ունեցող դիմորդներին, արվեստի և մշակույթի բնագավառի ինչպես նաև մարզային  բուհերին: ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ, ընդառաջելով ԼՂՀ կառավարության  խնդրանքին,   լրացուցիչ տեղերից 10 տեղ հատկացվել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին: Որոշվել է  հավասար միավորներ ունեցող  դիմորդներին ևս ընդառաջել՝ ապահովելով նրանց  կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում: Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա ևս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև թափուր մնացած   վճարովի տեղերի վերաբաշխման հարցը: Անդրադարձ   կատարելով    ընդունելության ցուցակների հրապարակմանը՝  ընդունող հանձնաժողովը արձանագրել է, որ դրանք կհրապարկվեն հուլիսի 14-ին:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը աշխատանքային կարգով քննարկել է նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։