«Գանդի» հիմնադրամը հետաքրքրված է կրթության ոլորտում համագործակցությամբ

2015-07-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հնդկաստանի «Գանդի» հիմնադրամի խորհրդի ներկայացուցիչ Աշոկ Սաջանհարին ու Գանդիի անվան միջազգային ինստիտուտի տնօրեն Ջիլ Կարլ Հարիսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, այս համատեքստում մասնավորապես կարևորվել է խաղաղ մեթոդներով պայքարի, բախումների և կոնֆլիկտների կանխարգելման կրթության տարածումը:
Հյուրերը նշել են, որ մտադիր են առաջիկայում Հայաստանում ևս  հիմնադրել աշխարհի շուրջ 40 երկրներում գրասենյակների ցանց ունեցող «Գանդի» հիմնադրամի մասնաճյուղը և հետաքրքրված են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ: Շեշտելով, որ առաջարկն ընդունելի է՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը բաց է միջազգային համագործակցության համար, իսկ Գանդիի ինստիտուտի և հիմնադրամի հետ կապերի հաստատումը կարող է լավագույնս խթանել կոնֆլիկտաբանություն մասնագիտության որակական առաջընթացը: Ա. Աշոտյանը նաև նշել է, որ Մահաթմա Գանդիի գաղափարախոսությունը լավագույն միջոցներից է՝ ծանոթանալու հնդկական պատմական և մշակութային ժառանգությանը: Նախարարը նշել է, որ հայ-հնդկական կրթական համագործակցության  փորձն առկա է, մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանի բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների մեջ մեծ տոկոս են կազմում հնդիկները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկկողմ համագործակցության իրավական հիմքերի ստեղծման հնարավորությունները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։