ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփում
2016-01-27
ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է` նպաստել հաստատությունների մրցակցության խթանմանն ու շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը:
Մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համար ուսումնական հաստատությունները խմբավորվել են ըստ բուհերում առկա կրթական ծրագրերի և մասնագիտական ոլորտների, ինչպես նաև առանձնացվել են արվեստի բուհերը։ Մշակված հարցաթերթերի հիման վրա հավաքագրվել է ողջ պահանջվող տեղեկատվությունը, իրականացվել են բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ բուհերի դասախոսների, շրջանավարտների և գործատուների շրջանակում։
Հաշվի առնելով, որ մեր երկրում կրթության ոլորտը գտնվում է բարեփոխումների փուլում՝ բուհերի վարկանշավորման համակարգը նույնպես ենթակա է անընդհատ փոփոխության և կատարելագործման: 2013 և 2014 թվականների փորձնական վարկանիշավորման արդյունքում ճշգրտման են ենթարկվել բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի ցուցանիշները, դրանց կշիռներն ու հաշվարկի միավորային համակարգերը:
Այս տարի իրականացվել է նաև ՀՀ բուհերի մեկ միասնական ցանկով փորձնական վարկանիշավորում։
Պատրաստի արդյունքները հասարակության լայն շերտերին հասանելի դարձնելու համար ստեղծվել և գործում են «Բուհերի ազգային վարկանիշավորման ազգային համակարգ» http://ranking.armedu.am/ և «ՀՀ բարձրագույն ուսումնական միասնական ցանկով վարկանիշավորման ազգային համակարգի» http://rank.armedu.am/ ինտերնետային կայքերը, որտեղ շահառուները հնարավորություն ունեն ցանկացած ցուցանիշով ստանալ բուհերի վարկանիշավորումների իրենց նախընտրած սանդղակները: