Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում
2015-07-01
Հուլիսի 1-ին Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում մեկնարկում է Հայաստանում Սփյուռքահայ ուսուցիչների 2015թ. վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որին մասնակցում են 63 ուսուցիչներ՝ 15 երկրներից: Այս տարի նախատեսված է վերապատրաստում՝ վեց ուսումնական խմբերում. մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, հայոց պատմության և հայրենագիտության, լրացուցիչ կրթության կազմակերպման:
Սփյուռքահայ ուսուցիչների 2015թ. վերապատրաստման ուսումնական ծրագրով նախատեսված են լսարանային և պրակտիկ պարապմունքներ, ինչպես նաև վարպետաց դասեր՝ բոլոր խմբերի ուսուցիչների համար: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է երկօրյա մանկավարժական գիտագործնական կոնֆերանս, որը այս տարվա վերապատրաստման ծրագրի նորությունն է: Կոնֆերանսի նպատակն է փորձի առավել արդյունավետ փոխանակում կազմակերպել տարբեր երկրների հայ ուսուցիչների միջև, ներկայացնել մանկավարժության ոլորտի մեթոդական նորարարությունները:
Կոնֆերանսին մասնակցելու համար արդեն գրանցվել են Սփյուռքի և Հայաստանի շուրջ 20 մասնագետներ: Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվում են ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր: Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև այցելություններ թանգարաններ և պատմաճարտարապետական հուշարձաններ: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը գործում է 2000 թվականից: Սկսած 2002 թվականից այն ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից : 2015 թ. ծրագրին մասնակցում են ուսուցիչներ Աբխազիայից ՝ 1, ԱՄՆ-ից՝ 11, Բելառուսից՝ 2, Բրազիլիայից՝ 1, Էստոնիայից ՝ 2, Թուրքիայից ՝ 2, Իրանից՝ 6, Լիբանանից՝ 3, Կանադայից՝ 1, Շվեդիայից՝ 1, Շվեյցարիայից՝ 1, ՌԴ-ից՝ 10, Սիրիայից՝ 14, Վրաստանից՝ 7 և Ուկրաինայից՝ 1: ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: