Հայաստան-Հորդանան. գիտակրթական համագործակցության նոր ծրագիր

2015-06-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրան այսօր կնքել են փոխանակման ծրագիր` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2015-2020թթ. համար»: 
Ըստ ծրագրի`  կողմերը կզարգացնեն և կամրապնդեն կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ համաձայն երկու երկրներում գործող օրենսդրության: Կողմերը կաջակցեն երկու երկրների համալսարանների և գիտական ու հետազոտական կազմակերպությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, տարեկան մինչև 25 կրթաթոշակ կտրամադրեն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետաշինարարության, հնագիտության, լեզվաբանության, բժշկության (ներառյալ մագիստրատուրան) ոլորտներում` բակալավրիատի և մագիստրատուրայի ամբողջ կիսամյակի և մեկ տարի արաբերենի ու իսլամագիտության և համապատասխան վերապատրաստման դասընթացների համար, որոնց, անհրաժեշտության դեպքում, կնախորդեն լեզվի դասընթացները: Ընդունող կողմը կրթաթոշակ ստացած անձանց կապահովի ուսման վարձից ազատում, ամսական հատկացում՝ համաձայն ընդունող երկրի գործող օրենսդրության, ուսանողական հանրակացարանում կացություն՝ համաձայն ընդունող երկրի գործող օրենսդրության, մուտք գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, և այլն: Դեպի ընդունող կողմի մայրաքաղաք և մայրաքաղաքից հետադարձ ճանապարհորդական ծախսերը կհոգա թեկնածուն: Փոխադարձ կապերը ամրապնդելու, փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ կողմերը կկազմակերպեն փորձագետների խմբի տարեկան փոխանակում:
Ստորագրմանը հաջորդել է երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները հանգամանալից անդրադարձել են ծրագրի կետերին: Մասնավորապես, Արմեն Աշոտյանը նշել է, որ 2013 թվականին ՀՀ և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև ստորագրված Կրթական և Գիտական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն` արդեն 3-րդ տարին յուրաքանչյուր կողմ տրամադրում է 5 կրթաթոշակային տեղ: ««Արաբական գարնանից» հետո հայ ուսանողները զրկված էին Սիրիայում և Եգիպտոսում ուսանելու հնարավորությունից: Հորդանանն առաջին երկրներից էր, որ մեզ ձեռք մեկնեց: Ուստի, հաշվի առնելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և կողմերի կրթական պահանջները, մենք ընդլայնում ենք կրթաթոշակային տեղերը` այն հասցնելով 25-ի: Հայ ուսանողներին առավելապես հետաքրքրում է Հորդանանի բուհերում արաբագիտության, արաբերեն լեզվի և մշակույթի ուսումնասիրությունը, իսկ հորդանանցի ուսանողներին` բժշկական կրթությունը: Մենք համոզված ենք, որ սա նոր թափ կհաղորդի արաբագիտության և իսլամագիտության զարգացմանը Հայաստանում: Իսկ մեր երկրում, բժշակական կրթությունից բացի, մենք պատրաստ ենք տրամադրել բարձրակարգ, անգլերենով ուսուցում ՏՀՏ, ճարտարապետական և շինարարական, ինչպես նաև արվեստի և մշակույթի ոլորտներում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ համագործակցությունը պետք է խթանել նաև երկու երկրների բուհերի և գիտական կենտրոնների միջև:
Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային շնորհակալություն է հայտնել ծրագիրը կյանքի կոչելու համար` ընդգծելով, որ ուրախ է հայ ուսանողներին տեսնել  Հորդանանում: «Հորդանանն ունի միջազգային կրթական համակարգ. մեր բուհերում սովորում է 50 ազգության ներկայացուցիչ, ուսանողների 25 տոկոսը օտարերկրացի է: Բացի այդ, մենք ունենք միջազգային  համալսարաններ, մասնավորապես, Հորդանանագերմանական համալսարանը: Սեպտեմբերից կգործի նոր`  Հորդանանաչինական համալսարանը: Այսինքն`  ուսանողները հնարավորություն կունենան սովորել ինչպես Հորդանանում, այնպես էլ Գերմանիայում և Չինաստանում: Նմանատիպ համաձայնագրերով իրապես ստեղծվում է կրթամշակութային կամուրջ` երկու երկրների միջև: Ես համոզված եմ, որ հորդանանցի ուսանողներին հեշտ է ինտեգրվել հայ հասարակությանը: Հավաստիացնում եմ, որ  հայ ուսանոնղները ևս չեն ունենա որևէ մշակութային կամ այլ կարգի խոչընդոտներ Հորդանանում»,-նշել է նա: Նախարարը նաև հավելել է, որ ՀՀ բուհերը մատուցում են բարձակարգ կրթություն` ընդգծելով, որ կթրաթոշակային տեղերին պետք է հավակնեն լավագույն ուսանողները` նույն պայմանները դնելով նաև հայ ուսանողների առջև:
Լրագրողները մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին, մասնավորապես, կրթաթոշակների հավասարաչափ բաշխվածության և յուրաքանչյուր ուսանողին հատկացվող գումարի, Հորդանանում պահանջված մասնագիտությունների և այլ հարցերի վերաբերյալ:
Նշենք, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարի հայաստանյան այցը բավականին հագեցած է. նա կայցելի ԵՊՀ, ԵՊԲՀ, ԳԱԱ, Սինոփսիսի ուսումնական կենտրոն, ինչպես նաև կունենա մշակության ծրագիր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։