Նախորդ տարիների 186 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ

2015-06-29

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանի  հրամանով 2015թ.-ի մայիսի 11-ից մինչև հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են բակալավրի կրթական ծրագրի 2015 թվականի ամփոփիչ ատեստավորման քննություններ, որի համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2015թ.-ի մարտի 3-ի N 197-Ն որոշմամբ հաստատված «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման»  կարգը:
Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար մարտի 10-ից մինչև  ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում 41 մասնագիտության գծով դիմում-հայտ է ներկայացրել 316 շրջանավարտ, որոնց քննությունները կազմակերպվել են 14 բարձրագույն ուսումնական հաստատություններում /6 պետական և 8 հավատարմագրված ոչ պետական/: Տվյալ մասնագիտությունների համապատասխան քննական առարկաների հարցաշարերը տեղադրվել են նախարարության կայքում:
Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար թույլատրված 311 շրջանավարտից 75-ը /24.1%/ ընդհանրապես չի ներկայացել ամփոփիչ ատեստավորման քննություններին: Դիմում-հայտ ներկայացրած և քննությունների թույլատրված 311 շրջանավարտներից ամփոփիչ ատեստավորման քննություններին ներկայացել է 236-ը /75.9%/, որոնցից 50-ը /21.2%/` համապատասխան մասնագիտությունների համար նախատեսված առնվազն 1 քննական առարկայից ստացել է «անբավարար» գնահատական:
Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների 311 շրջանավարտից բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտներից ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 186-ը /59.8%/: ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի պետական նմուշի դիպլոմով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։