Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա

2015-06-26

Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Մրցաշարին ընդառաջ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:
Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին Հայաստանից մասնակցելու են 22 հոգի. այդ թվում 12 մարզիկ, 6  մարզիչ, 2 մրցավար: Հայաստանի ուսանող  մարզիկները կպայքարեն 6 սպորտաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվանդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս:  28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը կավարտվեն հուլիսի 14-ին: Հ. Գաբրիելյանի խոսքով՝ մրցութային մարզաձևերը՝ համաձայն  Ունիվերսիադայի անցկացման կանոնների, ընտրվել են կազմակերպիչ երկրի կողմից. «Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մենք ազգային թիմում չենք ընդգրկել այնպիսի սպորտաձևեր, օրինակ՝ շախմատ, ըմբշամարտ, բռնցքամարտ, որոնցում մեր մարզիկներն ավանդաբար հանդես են գալիս հաջողությամբ: Սակայն մեր թիմը լավ է նախապատրաստված և մենք հույս ունենք, որ Գվանգջուից վերադառնալու ենք հաղթանակով»,- նշել է Հ. Գաբրիելյանը:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կազմավորվել է 1994 թվականին, Հայաստանի ուսանող  մարզիկները  Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մասնակցում են 1995 թվականից սկսած: Այս ընթացքում Հայաստանի թիմը ունեցել է լուրջ հաջողություններ, մասնավորոպես 2011 թվականին Չինաստանի Շեն Ժեն քաղաքում կայացած Ունիվերսիադայով հայ ուսանող մարզիկները վերադարձել են ոսկե մեդալով, իսկ 2013 թվականի ՌԴ Կազան քաղաքում կազմակերպված մրցումներում նվաճել են 10 մեդալ, այդ թվում մեկ ոսկե մեդալ: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է:
Ասուլիսին ներկա են եղել նաև սուսերամարտիկ Լիլիթ Էվոյանը, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, մարզիչ Կարեն Բաղդասարյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։