ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (սեղմագիր)
2014-01-01
2014 թվականին հանրակրթության արդյունավետության բարելավման նպատակով գործածության են երաշխավորվել ՀՀ հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական ծրագրերով փորձարկված 36 անուն դասագրքեր: Իրականացվել է հանրակրթական ուսումնական հաստատություն¬ների վարկանիշավորման մեթոդաբանության վերանայման և ցուցանիշների վերախմբավորման գործընթացն ըստ դպրոցների տիպերի: Արդյունքում հաստատվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգը:
Երաշխավորված նվազագույն իննամյա կրթու¬թյունից անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանն անցում ապահովելու նպատակով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Նշյալ ՀՀ օրենքների նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարություն, իսկ այնուհետև` ՀՀ Ազգային Ժողով:
Հանրակրթական դպրոցների 5-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման նպատակով մշակվել են համապատասխան չափորոշչի և առարկայական ծրագրի նախագծերը: Իրականացված աշխատանքների արդյունքում հաստատվել են «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը, որոնք իրականացվում են հանրապետության հանրակրթական 13 հիմնական դպրոցների 5-րդ դասարաններում:
2014 թվականին կարևորվել են ազգային փոքրամասնու¬թյուն¬ների հա¬մար դպրոցներում ուսումնական բազայի բարելավման և կադրերի մասնագիտական զարգացման գործընթացները: Ներկայացված հայտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեի միջոցներով տպագրվել և համապատասխան դպրոցներին են տրամադրվել «Եզդիերեն»՝ 1-ին, 6-րդ, 7-րդ, 11-րդ և «Քրդերեն»՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը:
Հանրակրթական դպրոցներում ազգային փոքրամասնությունների կարողությունների զարգացման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել է քրդերենի 16 ուսուցիչ:
Հանրակրթության ոլորտի գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերից է եղել ՀՀ-ում ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգից բխող գործողությունների ժա¬մանակացույցի մշակումը: Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ իրականացվում է դյուրակիր համակարգիչների արտադրություն, մշակվել է «Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փուլային ծրագրին և փորձնական փուլի նկարագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ-ում գործող Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով, որի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների առաջին դասարանի աշակերտներին անվճար տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի 2015-2019թթ.` հնարավորություն ընձեռելով ծրագրում ընդգրկել ՀՀ Վայոց ձորի մարզի տարրական դպրոցի բոլոր դասարանները: 2019 թվականից նախատեսվում է ծրագրի աստիճանական ընդլայնում` ներառելով 1-ից 2 նոր մարզեր:
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման նպատակով իրականացվել են մի շարք աշխատանքներ: ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպելու նպատակով հաստատվել է «Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի կարգը»: Կազմակերպվել է նաև վերապատրաստման դասընթացներ ՄԿՈՒ համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մեխանիզմների վերաբերյալ: Հաստատվել է ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Հաշվապահական հաշվառում» (3-69.20.01) և «Հագուստի մոդելավորում» (8-14.19.01) մասնագիտությունների գծով կրեդիտային համակարգի փորձնական ներդրման գործընթացը: 2014-2015 ուստարվանից վերոնշյալ մասնագիտությունների գծով կրեդիտային համակարգը փորձնական ներդրվել է Երևանի տարածաշրջանային N1, Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային N2, Լոռու տարածաշրջանային և Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջներում:
Նախնական և միջին մաuնագիտական ուuումնական հաuտատությունների տնoրենների վերապատրաստման և հավաստագրման համակարգի ներդրման նպատակով մշակվել և հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության և դիմած անձին վերապատրաստման, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության կազմակերպման և հավաստագրման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգերը, որոնք ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացել են պետական գրանցում: Միաժամանակ, մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը:
12 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվել են մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ստեղծման աշխատանքներ: Կարիերայի ուղորդման աշխատանքների արդյունավետությունը գնահատելու նպատակով մշակվել են մոնիթորինգային ցուցանիշներ: Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից հրավիրված միջազգային փորձագետի մասնակցությամբ իրականացվել են մշտադիտարկման այցելություններ ՀՀ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Երևանի թիվ 2 և Հրազդանի տարածաշրջանային պետական քոլեջներ, որի նպատակն էր մոնիթորինգային ցուցանիշների կիրառմամբ գնահատել նշված հաստատություններում նորաստեղծ կարիերայի ստորաբաժանումների աշխատանքները:
Միաժամանակ, ընտրվել և հաստատվել են ՄԿՈՒ ևս 10 հաստատություններ, որոնց հետ իրականացվել են աշխատանքներ կարիերայի ստորաբաժանումների ներդրման և զարգացման ուղղությամբ: ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք սեմինարներ, որոնց նպատակն էր նաև ուսումնասիրել ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի կենտրոնների գործունեության և արտադրական պրակտիկայի կազմակերպման կապը` կարիերայի ուղորդման արդյունավետության և գործնական ուսուցման որակի բարձրացման, շրջանավարտների զբաղվածության ապահովման և մասնագիտական կրթություն-աշխատաշուկա կապի հնարավորությունների բացահայտման տեսանկյունից: Կազմակերպվել են նաև վերապատրաստում և կլոր-սեղան քննարկումներ հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղորդման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
ՄԿՈՒ ոլորտի մանկավարժների վերապատրաստման նոր մեխանիզմների ներդրման նպատակով մշակվել և հաստատվել է նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգը, որը ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացել է պետական գրանցում:
2014 թվականին աշխատանքներ են իրականացվել բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի զար¬գացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Իրականացվել է որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) ներդրման գործընթացից բխող մասնագի¬տու¬թյունների ցանկի և շնորհվող որակավորումների վերանայման գործընթացը: Մասնավորապես, վերանայվել են ՀՀ-ում գործող մասնագիտությունների ցանկը և դրանց շնորհվող որակավորումները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային ստանդարտների դասակարգմանը համապատասխան: Արդյունքում մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը»: Աշխատանքներ են իրականացվում համապատասխան կարգով սահմանված հավելվածի` մասնագիտությունների և որակավորումների անգլերեն ու ռուսերեն թարգմանություններն ապահովելու նպատակով:
Որակավորումների ոլորտային շրջանակի բնու¬թագրիչների մեթոդաբանության մշակման նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձը: Միջազգային փորձագետների հետ համատեղ «TEMPUS «ARMENQA» ԵՄ ծրագրի շրջանակում վերանայվել և մշակվել են ՈԱՇ-ի բարձրագույն կրթության մակարդակները և որակավորումների ազգային շրջանակի մակարդակների նկարագրիչները, ինչպես նաև ուսումնառության վերջնարդյունքներով կրթական ծրագրերի նոր ձևավորման մեթոդները: Կազմվել է բարձրագույն կրթության ՈԱՇ-ի իրականացման ռազմավարությունը, որով սահմանվել են երկարաժամկետ նպատակ¬ներն ու խնդիրները` համա¬կարգի արդյունավետ զարգացումն ապահովելու նպատակով։ ԵՄ ծրագրերի` «INARM» և «ARARAT» TEMPUS, շրջանակներում մշակվել է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտային որակավորումների ազգային շրջանակի (ՈՈԱՇ) ձևավորման մեթոդաբանությունը: Մշակվել են նաև ինֆորմատիկա (համակարգչային գիտություններ), կառավարում և կրթության կառավարում մասնագիտություններով` ուսումնառության վերջնարդյունքներով նկարագրվող ոլորտային որակավորումների փորձնական տարբերակները:
Բարձրագույն մասնագիտական կրթության կարևորագույն խնդիրներից է եղել տարբեր սոցիալական խմբերին ուղղված ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմների և անվճար կրթության ընդլայնումը: Մշակվել է «ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի N1183-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը հնարավորություն է ընձեռում աջակցելու սոցիալական խոցելի խմբերին, ընձեռելով՝ ուսման վարձի վճարման և պահպանման արտոնությունները: Բարձրագույն կրթության համակարգում առկա սոցիալական խնդիրների վերլուծության արդյունքում մշակվել և հաստատվել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) նվազագույն շեմը: Արդյունքում բակալավրի կրթական ծրագրի ՄՈԳ-ի շեմը սահմանվել է 40%, իսկ մագիստրոսի կրթական ծրագրի շեմը՝ 50%: Միաժամանակ, բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից հավաքագրվել են սոցիալապես անապահովության համակարգում ընգրկված ուսանողների տվյալները՝ համաձայն որի 2014թ. համար ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 1070 ուսանողի, որի համար սահմանված գումարը կազմել է 223800,8 հազար դրամ, ընդ որում բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների թիվը կազմել է՝ 1030, մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների թիվը՝ 40:
Հայաստանում բուհերի միջև մրցակցության և դրանց հաշվետվողականության բարձրացման, բուհերի մասին բաց և թափանցիկ տեղեկատվություն ստանալու հնարավորության մեծացման, ինչպես նաև հասարակության իրազեկվածության բարձրացման նպատակով իրականացվել է փորձնական վարկանիշավորում հանրապետության 57 ուսումնական հաստատություններում (ներառյալ մասնաճյուղերը): Իրականացվել է բուհերի կողմից ներկայացված տվյալների ճշգրտում, տեղեկատվության տարբեր վերլուծություններ և ամփոփում, ինչպես նաև սոցիոլոգիական հարցում սովորողների, դասավանդողների և գործատուների շրջանում:
Հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական համակարգի ազգային վարկանիշավորման մեթոդաբանությունը, ցուցանիշները և հաշվարկի մեխանիզմները: Կազմվել է 2014թ. բուհերի ազգային վարկանիշավորումը՝ ըստ վեց հիմնական չափորոշիչների, որի արդյունքները տեղադրվել են «http://ranking.armedu.am/index.php» կայքում:
Պետական 10 բուհերում իրականացվել է դրամաշնորհային նորարարական ծրագրերի իրականացման գործընթացը: Ուսումնասիրվել են բուհերի կողմից ներկայացված համապատասխան ծրագրային և ֆինանսական հաշվետվությունները, բուհերի ներկայացուցիչների հետ կազմակերպվել են հանդիպումներ և քննարկումներ: Միաժամանակ, հաստատվել են բուհերի կողմից ներկայացված գնումների փաթեթները: Բուհերում նորարարական ծրագրերի իրականացումը պայմանավորված է յուրահատուկ և մեծ ծավալի սարքավորումների գնման անհրաժեշտությամբ, որը ժամանակատար գործընթաց է` ըստ Համաշխարհային Բանկի (ՀԲ) գնումների ուղեցույցների և գնման ընթացակարգի: Արդյունքում առաջացել էր «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի իրականացման ժամկետների երկարացման անհրաժեշտություն, որը համաձայնեցվել էր նաև ՀԲ-ի հետ: Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրեր իրականացնող բուհերին առաջարկվել է սահմանել նորարական ծրագրերի իրականացման իրատեսական վերջնաժամկետ: Բուհերի հետ կնքվել են լրացուցիչ համաձայնագրեր` իրենց կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:
Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ՄԿԿՏՀ) ներդրման նպատակով իրականացվել են համապատասխան ցուցանիշների գործարկման և վերանայման աշխատանքներ: «Սիներջի ինթերնեյշնլ սիստեմս ընկերության» կողմից ընթացել է ՄԿԿՏՀ-ի երաշխիքային սպասարկումը, որի վերջնաժամկետը 2015 թվականի հունվարն է:
2014թ. իրականացվել են կրթության և գիտության համակարգում կոռ-ուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014թթ. միջոցառումների համալիր ծրագրի մոնիթորինգի և արդյունքների մաuին պարբերական հաշվետվու¬թյունների ներկայացման աշխատանքներ: Մասնավորապես, ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքում (www.edu.am) գործում է «Հակակոռուպցիոն ծրագրեր» տեղեկատվական էջը, որտեղ պարբերաբար լուսաբանվում է հակակոռուպցիոն ծրագրի իրականացման ընթացքը: Ծրագրի մոնիթորինգն իրականացվել է յուրաքանչյուր կիսամյակ և առավել ռիսկային ոլորտներ են սահմանվել՝ սովորողների գնահատումը, պետական միջոցների տրամադրման հասցեականությունն ու արդարությունը, վճարովի ծառայությունների մատուցումը, մրցույթների իրականացումը: Արդյունքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել կրթության ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտերում, իսկ նոր մշակված իրավական ակտերի նախագծերը դրվել են հանրային քննարկման՝ www.edu.am և www.ktak.am կայքերում, ինչը հնարավորություն է ընձեռում հանրությանը մասնակցություն ունենալ իրավական ակտերի նախագծերի մշակմանը:
Ապահովվել է նաև ուսումնական հաստատություններում գնումների թափանցիկությունը և հրապարակայնությունը: Ուսումնական հաստատությունների կողմից մրցութային կարգով իրականացվող գնումների մասին հայատարարությունները, ինչպես նաև գնումների արդյունքների մասին տեղեկատվությունը սահմանված կարգով տեղադրվել է www.gnumner.am կայքում: Հրապարակայնությունն ապահովելու նպատակով ընդլայնվել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգը, որտեղ ներառված է նաև մասնագիտական կրթության ոլորտը: Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը տեղադրված է 1386 դպրոցներում, իսկ մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը՝ 188 մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Բնականոն գործել է ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգը, որի միասնական տեղեկատվական շտեմարանում ամփոփված են հանրակրթական դպրոցների, նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հատատությունների շրջանավարտների տվյալները վերջին 7 ուսումնական տարիների համար:
2014թ. իրականացվել են տեսչական ստուգումներ Երևանի թվով 12 միջնակարգ դպրոցներում և 26 նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում: Իրականացվել է նաև կրթական գործունեության ուսումնասիրություն Երևանի թվով 39 հիմնական դպրոցներում: Հայտնաբերված խախտումների հետևանքները վերացնելու նպատակով ուսումնական հաստատությունների տնօրեններին և կառավարման խորհուրդների նախագահներին տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ: Ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ կազմված հաշվետվությունները ներկայացվել են նաև Երևանի քաղաքապետին: Կրթության պետական տեսչության պաշտոնական կայքում (www.kpt.am) տեղադրվել են հաշվետվություններ, տեղեկանքներ, վերլուծություններ և այլ նյութեր:
ՀՀ ԿԳ նախարարության «Թեժ գծով» ընդունված 20 ահազանգերը համապատասխան ընթացք են ստացել, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան գրություններ: «Կրթություն շաբաթաթերթում» և www.edu.am կայքում հրապարակվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար իրականացվող վերապատրաստումների ժամանակացույցերը,մանկավարժների վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների մրցույթի գնահատման չափանիշները և արդյունքները, հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի և ուսուցչի թափուր տեղերի մրցույթի հայտարարությունները:
ՀՀ ԿԳ նախարարության գործունեության թափանցիկության և հանրային իրազեկման բարձրացման նպատակով հանրապետական ԶԼՄ-ներում լուսաբանվել է կրթության ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի միջոցառումների համալիր ծրագրի ընթացքը (28 լրատվական հեռուստառեպորտաժ, 14 հարցազրույց, տեղեկատվական բնույթի 56 հրապարակում), «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» գործունեության հաշվետվությունը և ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի գիտական աստիճանաշնորհման համակարգում նախատեսվող փոփոխությունները: Միաժամանակ, լուսաբանվել է «Փարոս» համակարգում ներգրվված ընտանիքների շուրջ 780 ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման գործընթացը:
ՀՀ ԿԳ նախարարությունը համապատասխան շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, առաջարկելով քայլեր ձեռնարկել ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: Հրապարակվել է «Հայաստանի պետական բուհերի ուսանողության մասնակցությունը Բոլոնիայի գործընթացին» և «Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրություն» հետազոտությունների արդյունքները:
Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում քաղաքացիական գիտակցության բարձրացման առումով՝ ՀՀ բուհերի կողմից մշակվել և ՀՀ ԿԳ նախարարություն են ներկայացվել կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագրեր, ինչպես նաև ներկայացվել են առանձին բուհերի կողմից իրականացված հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման արդյունքների մասին տեղեկանքներ:
Հակակոռուպցիոն թեմաների ուսուցման կազմակերպման շրջանակներում համապատասխան թեմաներ ուսուցանվում են հանրակրթական դպրոցում՝ «Հասարակագիտություն», նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ «Իրավունքի հիմունքներ», իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ «Տնտեսագիտության հիմունքներ», «Իրավագիտության հիմունքներ» և «Քաղաքագիտության հիմունքներ» առարկաների ծրագրերի շրջանակներում:
ՀՀ կրթության ոլորտում 2015-2017թթ. կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների նախագծի մշակման աշխատանքներն իրականացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից համակարգվող «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգից» բխող հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների շրջանակում, որը տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
2014թ. աշխատանքներ են իրականացվել ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգում չափանիշների հստակեցման ուղղությամբ: Ուսումնասիրվել են ՀՀ գիտական աստիճանաշնորհման ոլորտի բոլոր իրավական ակտերը: Արդյունքում առաջարկություններ են ներկայացվել մի շարք իրավական ակտերում փոփոխություններ լրացուներ կատարելու մասին: Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Մշակվել և սահմանվել են ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները: Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների նոր ցուցակը հրապարակվել է ՀՀ ԲՈՀ-ի պաշտոնական կայքում:
Մշակվել և հաստատվել է ՀՀ գիտական մասնագիտությունների նոր անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ: Ձևավորվել է նաև մասնագիտական խորհուրդների նոր ցանց, վերանայվել է ՀՀ ԲՈՀ-ի պաշտոնական կայքը:
ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ՀՀ կրթության և գիտության նախարարության 6 միջոցառումները կատարվել են սահմանված ժամկետներում:
2015 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակելու է հետամուտ լինել նախադպրոցական կրթության և հանրակրթության հասանելիության ու որակի բարելավման, դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման համակարգի ընդլայնման, մասնագիտական կրթության շարունակական զարգացման խնդիրներին: 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է նաև անցկացնել շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնություն: