Ա. Աշոտյան. Այս տարվա քննությունները ևս հաջողված են լինելու

2015-06-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոն, որտեղ կազմակերպվել էր «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը: Նախարարը զրուցել է դիմորդների հետ,  քաջալերել ու հաջողություն մաղթել նրանց, հանդիպել է քննակենտրոնի բակում հավաքված ծնողներին, պատասխանել լրագրողների հարցերին: Անդրադառնալով միասնական քննությունների ընթացքին՝ նախարարը նշել է, որ կազմակերպական և որակական առումով խնդիրներ չեն առաջացել, քանի որ հիմնական աշխատանքը ԳԹԿ-ն արդեն կատարել է և քննություններն այդ գործընթացի վերջին և տեսանելի հատվածն են:
 Արմեն Աշոտյանը   հույս է հայտնել, որ այս տարի ևս այս քննությունները կանցնեն աննկատ և ընդգծել, որ անցած վեց տարիների ընթացքում համատեղ ջանքերով աշխատանքներ են տարվել, որպեսզի քննությունները համապետական նշանակության իրադարձությունից վերածվեն ընթացիկ, հերթական գործընթացի. «Եթե նայեք եվրոպական երկրների փորձը, շատ քիչ երկներ կան, որտեղ կրթության նախարարը այցելում է քննական կենտրոններ: Նախապատրաստական աշխատանքներն այս տարի ևս  կատարվել են բավարար մակարդակով,  սա արդեն երրորդ քննությունն է և հանրային արձագանքները վկայում են, որ խնդիրներ չեն եղել և կարող ենք արձանագրել, որ այս տարվա քննությունները ևս հաջողված են լինելու»,- նշել է նախարարը և հավելել, որ  քննական գործընթացում կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազել են:
Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը անդրադարձել է նաև Ազգային պոլիտեխնիկական հիմնադրամ համալսարանում առաջիկայում կայանալիք ռեկտորի մրցույթին. «Ինձ հետաքրքրում է բուհի զարգացումը, անցնցում պոլիտեխնիկը, իրականում զարգացող պոլիտեխնիկը, որտեղ որևէ մեկը բարձրանալու համար չի փորձի տապալել նախորդների աշխատանքը, որտեղ իրականում կաշխատեն դասախոսներ, որոնց աշխատանքը կախված չի լինի ռեկտորի հետ ունեցած հարաբերություններից»,- նշել է Ա. Աշոտյանը և ավելացրել, որ մրցույթի արդյուքները պարզ կդառնան մրցույթից հետո միայն: Լրագրողների հարցերը  վերաբերել են բուհական ընդունելությունների մրցույթին, քննական թեստերի որակին և կրթական գործընթացի  հետ կապված այլ հարցերի: Նշենք, որ  ՀՀ մարզերում և Երևանում «Ֆիզիկա» առարկայից ընդունելության միասնական քննություն է հանձնում  1860 դիմորդ: Դիմորդներն արդեն միասնական  քննություններ են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու» առարկաներից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։