Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (սեղմագիր)
2015-01-01
Հանրակրթության որակի ապահովման տեսանկյունից կարևորվում է երեխաների վաղ ընդգրկումը կրթական ծրագրերում: Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման նպատակով «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվել են նախադպրոցական կրթության նոր նախակրթարանների հիմնման աշխատանքները ՀՀ Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում: Նոր միկրոծրագրեր իրականացնելու նպատակով ուսումնասիրվել է մարզերից ստացված տեղեկատվությունը, վերլուծվել են համայնքներում նախադպրոցական ծառայությունների առկայության ցուցանիշները, նախադպրոցական ծառայություններում ընդգրկված և չընդգրկված երեխաների թվաքանակը, նախակրթարանների ստեղծման կարիքները և առաջնահերթությունները: Իրականացվել են դրամաշնորհային պայմանագրերի կնքման աշխատանքները ՀՀ Կոտայքի մարզի 13, Գեղարքունիքի մարզի 8 և Շիրակի մարզի 12 ուսումնական հաստատությունների հետ: Նշյալ մարզերի շուրջ 33 հաստատություններում իրականացվել են շինարարական աշխատանքներ: Նախակրթարանների հիմնումը հնարավորություն կտա ընդգրկելու մոտ 1450 երեխա:
Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Նախադպրոցական կրթության զարգացման 2016-2025 թվականների ռազմավարական ծրագիրը, որի ակնկալվող արդյունքն է որակյալ և մատչելի նախադպրոցական կրթության ծառայությունների մատուցումը` հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության մեջ ընդգրկմանը, նախադպրոցական ավագ տարիքի երեխաների (հինգից մինչև վեց տարեկանների) տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստվածությանը, երեխաների համար տարրական դպրոցում ուսումը շարու¬նակելու համար հավասար մեկնարկային պայմանների ապահովմանը:
Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որտեղ սահմանվել են կրթության զարգացման նպատակները, գերակայությունները և գործողությունների շրջանակը, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակասլացություն և արդյունավետություն:
Աշխատանքներ են իրականացվել հանրակրթության որակի և մատչելիության բարձրացման ուղղությամբ: «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների համար էլեկտրոնային կրթական նյութերի ստեղծման նպատակով հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Մակադամիան ԱՌ» ՓԲԸ-ն: Էլեկտրոնային կրթական նյութերը հասանելի են «http://esource.armedu.am/» հասցեով և 2016 թվականի հունվարից հասանելի կլինեն ՀՀ բոլոր դպրոցներին:
2015 թվականից սկսած ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության և «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության միջև՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, ՀՀ բոլոր դպրոցներում ձևավորվել են «Պատանի երկրապահ» ակումբներ: Նախաձեռնության նպատակը վաղ տարիքից դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիրակությունն է, ազգային գաղափարախոսության և արժեքների պահպանումը, հայապահպան մտածելակերպի ձևավորումը: Ակումբները կկազմակերպեն տարբեր միջոցառումներ՝ հայրենիք, ազգային մշակույթի, մշակութային բազմազանություն, հայկական մշակույթի դերը տարածաշրջանի և համաշխարհային մշակույթի զարգացման գործում, ավանդույթներ, հայկական էպոս, հայկական բնաշխարհ, բնապահպանություն, արվեստ, հայոց լեզու, գիր, գրականություն և այլն թեմաներով:
Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման նպատակով հանրապետության 47 հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծվել են ռոբոտատեխնիկայի խմբակներ:
2015-2016 ուսումնական տարվանից ՀՀ ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարաններում ներդրվել է «Ազգային երգ ու պար» առարկան (50-ը` Երևանում, 50-ը՝ մարզերում): Հաստատվել է նաև «Ազգային երգ ու պար» առարկայի 6-րդ դասարանի ծրագիրը: 2016-2017 ուսումնական տարվանից սկսած հանրապետության 2 մարզերի բոլոր դպրոցներում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան:
107 ավագ դպրոցների դպրոցական գույք տրամադրելու նպատակով պայմանագիր է կնքվել 4 կազմակերպությունների հետ, որի արդյունքում նշյալ դպրոցներին տրամադրվել է նոր գույք:
2015 թվականին մշակվել է կրթության գերազանցության ազգային ծրագրի նախագիծը, որը գտնվում է հանրային քննարկման փուլում: Քննարկումների արդյունքում կատարված առաջարկությունների հիման վրա ծրագիրը կամբողջացվի ներդրման նպատակով:
2015 թվականին կարևորվել են ազգային փոքրամասնու¬թյուն¬ների հա¬մար դպրոցներում ուսումնական բազայի բարելավման և կադրերի մասնագիտական զարգացման գործընթացները: Հանրակրթական դպրոցներում ազգային փոքրամասնությունների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպվել են հանրակրթական դպրոցների ասորերեն դասավանդող 7 ուսուցիչների 18-ժամյա վերապատրաստման դասընթացներ: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վերահրատարակվել են «Եզդիերեն Այբբենարան», «Եզդիերեն» 2, «Եզդիերեն» 8, «Եզդիերեն» 12 և «Եզդիերեն» 1-12 ծրագրերը, «Քրդերեն» 8, «Քրդերեն» 9 և «Քրդերեն քերականություն» 5-9 դասագրքերը: Հրատարակիչները դասագրքերը տրամադրել են շահառուներին:
Հայաստանի Հանրապետությունում շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության անցկացման նպատակով մշակվել է ՀՀ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության և կազմակերպման կանոնակարգը: «Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի» հետ համատեղ ստեղծվել է ՀՀ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության անցկացման կազմկոմիտե: 2015 թվականի հոկտեմբերի 6-12-ը Երևանում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` «Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի», «Հայաստանի շախմատի ֆեդերացիայի», «Հայաստանի շախմատի ակադեմիայի» և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետ համատեղ անցկացրել է շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը: Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը մասնակցել են եվրոպական 9 երկրների 18 համալսարանների 25 թիմեր` ընդհանուր թվով 82 պատվիրակ: Թիմային պայքարում առաջին տեղը գրավել է »Ռուսաստանի Ուրալի պետական համալսարանի» թիմը, երկրորդ տեղը գրավել է` «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի» թիմը և երրորդ տեղը գրավել է «Լեհաստանի՝ Վարշավայի պետական համալսարանի» թիմը:
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրակա¬նաց¬վող բարեփոխումներն ուղղված են եղել ոլորտի զարգացմանը, կրթության որակի շարունակական բարելավմանն ու ապահովմանը, քաղաքացիների` կրթություն ստանալու համար հավասար պայմանների և իրավունքների ապահովմանը, ինչպես նաև կառավարման համակարգի արդյունավե¬տության բարձրացմանը:
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել և հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը», որի համաձայն անցկացվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունները: Քննություններին մասնակցելու թույլտվություն է ստացել 25 շրջանավարտ, որից 17-ը ստացել է պետական նմուշի դիպլոմ:
Սահմանված կարգով անցկացվել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման գործընթացը: Հաստատվել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրված անձանց ցուցակը: Հավաստագրմանը մասնակցել են 58 անձ, որոնցից 55-ը ստացել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):
Արհեստագործական ուսումնարանների տեխնիկական վերազինման նպատակով 5 ուսումնական հաստատությունների սարքավորումներ և գույք տրամադրելու նպատակով մշակվել են նյութատեխնիկական բազայի 17 չափաբաժնի համար տեխնիկական բնութագրերը: 10 չափաբաժնով գնման մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, որից 8 չափաբաժինների մասով սարքավորումները ամբողջությամբ տեղադրվել են: Մնացած 2 չափաբաժինները պայմանագրերում նշված ժամկետում չմատակարարելու կապակցությամբ և դրանից բխող այլ խնդիրների ծագման պատճառով, ՀՀ ԿԳ նախարարության կողմից միակողմանի լուծվել են համապատասխան պայմանագրերը: 7 չափաբաժնով 2015 թվականի հոկտեմբեր ամսին հայտարարված կրկնակի մրցութը չի կայացել հայտ չլինելու պատճառով: ՀՀ ԿԳ նախարարությունը 2015 թվականի հոկտեմբերի 28-ի N 01/19.3/13612-15 գրությամբ առաջարկ է ներկայացրել ՀՀ կառավարություն նշված 7 չափաբաժինների համար նախատեսված ֆինանսավորումը 2016 թվականին տեղափոխելու վերաբերյալ:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության շարունակական զարգացումն ապահովելու նպատակով աշխատանքներ են իրականացվել Բոլոնիայի գործընթացի սկզբունքների շարունակական ներդրման ուղղությամբ:
2015 թվականի մայիսի 14-15 տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի քաղաքա¬կա¬նության 4-րդ ֆորումը, որին մասնակցել են Բոլոնիայի գործընթացի անդամ 48 երկրների և մոտ 25 այլ երկրների պատվիրակություններ` կրթության նախարարների գլխավորությամբ, ինչպես նաև շուրջ 40 միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Կրթական ոլորտի հանրաճանաչ միջազգային փորձագետներն իրենց գրառումներում Երևանյան նախարարական գագաթաժողովը գնահատել են բարձր՝ ընդգծելով նրա պատմական նշանակությունը՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման տեսանկյունից: Գագաթաժողովի ընթացքում ընդունվել է Երևանյան կոմունիկեն, որի հիմնական առանձնահատկություններն են
բուհերի ուսանողների աշխատանքային իրավունքի խնդիրները և ուսանողական շարժունության ներառականությունը:
Իրականացվել է արվեստի բուհերում ուսանող-դասախոս հարաբերակցության գործակցի վերանայումը: Ելնելով արդի կրթական պահանջներից` ՀՀ արվեստի բուհերում ուսանող-դասախոս հարաբերակցության գործակիցը սահմանվել է 1:1.5, իսկ մյուս բուհերում այն պահպանվել է` 1:6: Սա արտացոլված է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեում, իսկ 2016 թվականին այն կգործի հունվարի 1-ից:
2015 թվականին իրականացվել է սոցիալական խոցելի խմբերին ուղղված ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմների վերանայման գործընթացը: Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու մասին կարգի պահանջների` պետության կողմից շարունակվում է իրականացվել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100%-ի չափով:
2015 թվականին ընդլայնվեց սոցիալապես անապահով ուսանողների շրջանակը` ընդգրկելով նաև առաջին կուրսեցիներին: Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 719 առաջին կուրսեցիներին պետության կողմից հատկացվել է ուսման վարձավճարի 50-100% չափով փոխհատուցում` որը կազմել է 496.710,220 դրամ: Հատկանշական է, որ 2014/2015 ուսումնական տարվա համեմատությամբ տեղի է ունեցել ուսման վարձի փոխհատուցման էական աճ, գումարային տեսքով, եթե 2014-2015 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում փոխհատուցվել էր 1030 ուսանողի ուսման վարձը` 223.800,800 դրամի չափով, ապա 2015-2016 ուսումնական տարում, նույն կրթական աստիճանում ընդրկվել է 1379 ուսանող՝ 306.941,920 դրամ ուսման վարձի փոխհատուցման չափով: 2014-2015 ուսումնական տարում մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցվել է 40, իսկ 2015-2016 ուսումնական տարում` 52 ուսանողների ուսման վարձը:
Շարունակվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպության» կարգավիճակ ունեցող ՀՀ պետական բուհերի «Հիմնադրամի» վերակազմակերպման հարցը: Գործընթացի իրականացման նպատակով ՀՀ կառավարություն առաջարկություն է ներկայացվել պետական 4 բուհերի (Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան և Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան) վերակազմակերպման գործընթացն իրականացնել 2015 թվականին: Հիշյալ բուհերի համար 2015 թվականին կազմակերպվող գործընթացների և իրականացվող գործողությունների արդյունավետության գնահատման և վերլուծության արդյունքում ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող մնացած 7 բուհերի (Գավառի պետական համալսարան, Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, Գորիսի պետական համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ) «Հիմնադրամի» վերակազմակերպման հարցը կդիտարկվի 2016 թվականին: Ներկայումս 16 պետական բուհերից 5-ն ունեն «Հիմնադրամի» կարգավիճակ: Մշակվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին»» որոշման նախագիծը:
Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները ներկայացրել են մասնագիտությունների ցանկից բխող համապատասխան կրթական աստիճաններով` ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերը, որոնք քննարկվելուց և ամփոփվելուց հետո ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի N 647-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը»:
2015 թվականին իրականացվել է դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման համակարգի ընդլայնման գործընթացը: ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի բոլոր հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տրամադրվել է դպրոցական նախաճաշ` յուրաքանչյուր երեխային օրական 140 դրամ հաշվարկով: Ծրագրում ընդգրկված է 22056 աշակերտ, որից 2386-ը` ՀՀ Վայոց ձորի մարզից, 6052-ը` ՀՀ Սյունիքի մարզից, 13618-ը` ՀՀ Արարատի մարզից:
2016 թվականին Պարենի Համաշխարհային Ծրագրի և Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում նախատեսվում է կազմակերպել Երեխաների սնուցման 18-րդ ամենամյա համաշխարհային ֆորումը, որը կնպաստի մեր համագործակցության խորացմանն ու սերտացմանը, ինչպես նաև «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի հետագա ընդլայմանն ու զարգացմանը:
ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ՀՀ կրթության և գիտության նախարարության 5 միջոցառումները կատարվել են սահմանված ժամկետներում:
2016 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակելու է հետամուտ լինել նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացման, հանրակրթության որակի և արդյունավետության բարձրացման, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորության ընդլայնման, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացման և եվրոպական մասնագիտական կրթական տարածքին ինտեգրման, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացման՝ Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործմամբ, խնդիրներին: